Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան
4 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Չեխիայի նախագահ Պետր Պավելն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարին և այդ ճանապարհին անհրաժեշտ քայլերին՝ ընդգծելով, որ գործընթացը ժամանակ և շարունակական աշխատանք է պահանջում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում նախագահները պատասխանել են լրագրողի այն հարցին, թե Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր գործընթացում ինչպես կարող է Չեխիան աջակցել Հայաստանին և արդյոք այս ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը նշել է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու կոնկրետ ճանապարհային քարտեզ կամ այդ գործընթացի առանձին քայլեր չեն քննարկվել։
«Այսօր մենք, իհարկե, չենք խոսել Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու կոնկրետ ճանապարհային քարտեզի մասին։ Խոսքը մեր հարաբերությունները Եվրոպական միության և Հայաստանի միջև ընդլայնելու մասին է»,- ասել է Պավելը։
Չեխիայի նախագահի խոսքով՝ ԵՄ հետագա ընդլայնման ցանկացած գործընթաց կապված է համապատասխան չափանիշների կատարման և անհրաժեշտ քայլերի իրականացման հետ։
Նա ընդգծել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Չեխիայի շահերից է բխում, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները լինեն հնարավորինս սերտ։
«Եթե հասնենք այդ հարցին, և Հայաստանի հետ համապատասխան բանակցություններ սկսվեն, ապա դա թողնենք ապագային և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշել է Չեխիայի նախագահը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին համաձայնել է չեխ գործընկերոջ գնահատականի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը ժամանակ է պահանջում և կախված է նաև Հայաստանի կողմից կատարվելիք աշխատանքից։
«Իրականում սա ժամանակ է պահանջում։ Մենք ինքներս՝ որպես Հայաստանի Հանրապետություն, պետք է գնահատենք, թե որքանով ենք պատրաստ։ Իսկ այդտեղ, այսպես ասած, շատ մեծ ծավալի տնային աշխատանք ունենք կատարելու»,- ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու, իսկ հետագայում նաև ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը ենթադրում է երկարատև և մեծածավալ աշխատանք։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ընդունված՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը նախևառաջ վկայում է այդ ուղղությամբ երկրի քաղաքական ցանկության մասին։
«Կարծում եմ՝ մեր ընդունած օրենքը, որը սկիզբն է, ցույց է տալիս, որ մենք դրա ցանկությունն ունենք։ Ավելի շուտ՝ ոչ թե պատրաստ ենք, այլ ցանկություն ունենք։ Իսկ թե երբ պատրաստ կլինենք, կախված է նրանից, թե մենք ինչպես կկատարենք աշխատանքները»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պատրաստվածության գնահատականը կախված կլինի նաև Եվրամիության անդամ պետություններից, այդ թվում՝ Չեխիայից։
«Դա կախված է նաև նրանից, թե Եվրամիության մեր գործընկերները, այդ թվում՝ Չեխիան, որքանով կգնահատեն, որ մենք իրականում պատրաստ ենք։ Բայց միանշանակ է, որ համագործակցությունը կա, մեր կողմից ձգտումը կա, աջակցությունը կա, և սրանք ոչ թե պարզապես խոսքեր են, այլ նաև կոնկրետ քայլեր»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանը հիշեցրել է նաև վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացված քայլերի մասին։