Երևան

Արհեստական բանականությունն օգտագործվում է քաղաքային կառավարման գրեթե բոլոր ոլորտների պլանավորման մեջ․ Տիգրան Ավինյան

7 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունն օգտագործվում է քաղաքային կառավարման գրեթե բոլոր ոլորտների պլանավորման մեջ․ Տիգրան Ավինյան

Ինովացիան տեղի չի ունենում միայն փոքր ստարտափներում կամ տեխնոլոգիական ընկերություններում, դրա կարիքը կա նաև քաղաքներում, հետևաբար 2022 թվականից սկսած Երևան քաղաքը հենց այդ առումով է մոտեցել իր բոլոր հարցերին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով մասնակցում էր Սևան ստարտափ համաժողովի պանելային քննարկումներից մեկին։    

«Դեռ 2022 թվականին մենք մեծ տրցակներով թղթեր էինք տեղափոխում քաղաքապետարանի երկար սրահներում, բայց այժմ ունենք բոլորովին այլ պատկեր։ Այդ առումով ունենք մի քանի կարևոր ձեռքբերումներ։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է մեր թվայնացված ծառայություններին, որոնք այսօր փաստացի գործում են օնլայն հարթակում, և մեկ պատուհան ասելով՝ մենք արդեն հասկանում ենք ոչ թե ֆիզիկական դիմումներ ընդունելու վայր, այլ ընկալում ենք օնլայն «YES»  (Yerevan electronic services) հարթակը, որով յուրաքանչյուր երևանցի կարող է մտնել ու շատ պարզ ձևով իդենտիֆիկացնել իրեն՝ ուղղակի իր լուսանկարը տալով մեր արհեստական բանականությանը, որը նրան իդենտիֆիկացնելով՝ կտա նրա հետ կապված բոլոր տվյալները, այդ թվում՝ աղբահանության, անշարժ և շարժական գույքի հետ կապված պարտքերը։ Նույնը արվում է նաև ընկերությունների հետ կապված»,- նշեց Ավինյանը։

Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանից որևէ ծառայություն ստանալու համար հիմա արդեն իսկ գործող «YES» հարթակն ամբողջապես հասանելի է բոլորին, ովքեր չեն ցանկանում ֆիզիկապես գալ քաղաքապետարան որևէ դիմումի համար։

«Երկրորդ շատ կարևոր ձեռքբերումը մեր «Ակտիվ քաղաքացի» հարթակն է, որը բոլոր երևանցիներին (և ոչ միայն) հնարավորություն է տալիս մասնակցել քաղաքի կառավարմանը, մասնավորապես մեզ՝ Երևանի քաղաքապետարանին մատնացույց անել այն խնդիրները, որոնք իրենք են նկատել մայրաքաղաքում։ Այս պահի դրությամբ՝ միջինը 1-1,5 օրվա ընթացքում լուծվում են հարցերը, և մարդիկ հենց այդ օնլայն հավելվածի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ուղարկելով խնդիրը՝ նշված ժամանակահատվածում ստանում են նաև իրենց խնդրի լուծումը։ Բայց որ ամենակարևորն է, ինչի մասին մենք շատ քիչ ենք խոսել, մեր ամենամեծ ձեռքբերումը «Ջի Այ Էս» համակարգի ներդրումն է»,- նշեց Երևանի քաղաքապետը։

Նրա ներկայացմամբ՝ «Ջի Այ Էս» համակարգը տարածաչափական ինֆորմացիոն տեխնոլոգիական գործիքների ամբողջություն է, որոնց միջոցով քաղաքի կառավարումն իրականում դառնում է ավելի հեշտ, որովհետև քաղաքի տվյալներն ավելի շատ ոչ թե ինչի մասին են, այլև որտեղի, այսինքն՝ որտեղ է ոռոգման համակարգի խնդիրը, որտեղ է խնդիրը՝ կապված կոյուղու հետ, որտեղով է անցնում տրանսպորտային գիծը և այլն։ 

«Մենք ներդրել ենք «Արկ ՋԻ Այ Էս» համակարգը և արդեն իսկ մոտ երեսուն տարատեսակ արհեստական տարածաչափական քարտեզներ ունենք։ Դրանք մեզ տալիս են, օրինակ, քաղաքի տարբեր կետերից օդի որակի մասին օնլայն տվյալներ։ Ունենք քարտեզ, որի միջոցով կառավարում ենք աղբահանության մեքենաների տեղաշարժը։ Օպտիմիզացնում ենք առևտրային օբյեկտները, տերմինալները, բանկոմատները։ Ունենք նաև շինթույլտվությունների տարածաչափական քարտեզ։ Ամենակարևորներից մեկը գետնի տակ գոյություն ունեցող մեր ենթակառուցվածքի տարածաչափական քարտեզն է»,- հավելեց Ավինյանը։

Նրա տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ստացված դիմումների և քաղաքապետարանի կողմից ներդրված նոր համակարգերի միջոցով իրականացվում է մեծածավալ տվյալների վերլուծություն, ինչի արդյունքում շատ ավելի ինֆորմացված և ավելի որակյալ որոշումներ են կայացվում։ Այդ որոշումներն, ըստ Ավինյանի, ինտուիտիվ չեն, այլ փաստահեն են, հիմնված են այն տվյալների վրա, որոնք այսօր գեներացվում են Երևան քաղաքում։

«Որևէ նոր գործիքից երբևէ պետք չէ վախենալ, այլ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես օգտագործել։ Երևանի քաղաքապետարանը շատ ինտենսիվորեն ներդնում է արհեստական բանականության տարատեսակ գործիքներ տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ մեր զանգերի սպասարկման կենտրոնը բոլոր զանգերը գրանցում է, և արհեստական բանականությունը ոչ միայն վերհանում է զանգերի և պատասխանների բովանդակությունը, այլև առաջարկություններ է անում համապատասխանաբար ամբողջ տվյալների հիման վրա։ Արհեստական բանականությունն օգտագործվում է քաղաքային կառավարման գրեթե բոլոր ոլորտների պլանավորման մեջ։ Երբ իրականացնում ենք որևէ ծրագրի քննարկում, նվազագույնը արհեստական բանականության ֆիլտրով ծրագիրը պետք է անցած լինի, վերհանված լինեն ուժեղ և թույլ կողմերը»,- մանրամասնեց Ավինյանը։

Նա շեշտեց, որ արհեստական բանականությունն արդեն մտնում է վերը նշված «Ջի Այ Էս» տարածաչափական տվյալների համակարգեր, ինչը քաղաքի ընդհանուր աշխատանքների պլանավորումը էականորեն ավելի է հեշտացնում։ Ավելի դյուրին են դառնում,  մասնավորապես, այն պլանավորումները, որոնք սովորաբար դժվարությամբ էին իրականացվում տարբեր վարչությունների կողմից։ Այժմ ուղղակի մի քանի հպմամբ հնարավոր է արդեն կոնկրետ արդյունք տեսնել։ 

«Արհեստական բանականության հետ հաղորդակցվելու ամենակարևոր ունակությունը, որ պետք է մարդն ունենա, պետք է հասկանա, թե ինչպես ճիշտ հարցեր տալ, որովհետև արհեստական բանականությունը մեծ գրադարան է, գիտելիքի մեծ աղբյուր, որը պարբերաբար ինքն իր վրա աշխատելով՝ ավելի է զարգանում։ Ամենակարևոր կարողությունը, որ պետք է անհատն ունենա, նվազագույն գիտելիքն է ոլորտի վերաբերյալ, ու նաև արհեստական բանականության հետ ճիշտ աշխատելու ունակությունը, ինչը նշանակում է ճիշտ հարցեր տալ։ Իմ տեղակալները, օգնականները, խորհրդականները, բոլոր վարչությունների պետերը աշխատում են արհեստական բանականության գործիքներով»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում