Իրան

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

2 րոպեի ընթերցում

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու նշաններ չի արձանագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում։

«Այն փաստը, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, և այն փաստը, որ այն իսկապես ունի նման զենք, երկու տարբեր հարցեր են: Տվյալները, որոնք մենք տրամադրել ենք, իրոք, զգայուն էին, քանի որ  վկայում էին միջուկային ռումբի ստեղծման որոշակի ներուժի մասին: Բայց դա հիմք չի տալիս պնդելու, որ այդ ներուժը կիրականացվի», - նշել է Գրոսին:

Նա հավելել է, որ նույնիսկ եթե Թեհրանն ունենար նման մտադրություն, դրա համար կպահանջվեին «ամիսներ, գուցե, ավելի»:

Գրոսիի խոսքով՝ «իրանցիներն ստիպված կլինեին հարստացված ուրանը վերամշակել մետաղի, ինչը դեռ չէին սկսել անել: 

«Երկրորդ, անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջ շարք շատ բարդ համակարգեր.... որոնք միաժամանակ պետք է լինեն բավականաչափ փոքր միջուկային մարտագլխիկի մեջ տեղավորվելու համար», -  բացատրել է նա:

Գրոսին նաև հրաժարվել է գնահատական տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմանը՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին՝ նշելով, որ ԱԷՄԳ-ի խնդիրն է պարզել  փաստերը և հաղորդել դրանց մասին: 

«Իսկ թե ինչպես դրանք կմեկնաբանեն պետությունների ղեկավարները, իրենց գործն է: Ես չեմ ցանկանում դատել այդ մասին», - ասել է գործակալության ղեկավարը: 

Բացի այդ, նա հերթական անգամ ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրները չեն կարող լուծվել ռազմական եղանակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում