Իրան

ԱԷՄԳ-ի տեսուչները հեռացել են Իրանից

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ի տեսուչները հեռացել են Իրանից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները հեռացել են Իրանից այն բանից հետո, երբ երկրում ընդունել են գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԷԳՄ-ն X սոցիալական հարթակում։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների խումբն այսօր անվտանգ մեկնել է Իրանից և վերադարձել Վիեննայում գտնվող գործակալության կենտրոնակայան՝ վերջին ռազմական հակամարտության ամբողջ ընթացքում Թեհրանում մնալուց հետո», - նշված է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ ԱԷՄԳ-ն նշում է, որ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վերահաստատել է Իրանում իր «անփոխարինելի մոնիթորինգի և ստուգման գործունեությունը» հնարավորինս շուտ վերսկսելու եղանակները Թեհրանի հետ քննարկելու կարևորությունը։ 

Իրանում ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 2-ին՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստորագրությունից հետո։ Օրինագիծը նախ ընդունվել էր Իրանի խորհրդարանի կողմից, այնուհետև վավերացվել Սահմանադրական խորհրդի կողմից։ Ընդունված որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը։ Իրանը Գրոսիին մեղադրել էր Իրանի դեմ կողմնակալ զեկույց հրապարակելու մեջ, որն, ըստ Թեհրանի, ճանապարհ հարթեց Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում