Թողարկվել են «Մհեր Մկրտչյան» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ
3 րոպեի ընթերցում

Մհեր Մկրտչյանի թանգարանի և «47 դիզայն» ընկերության համագործակցությամբ թողարկվել են «Մհեր Մկրտչյան» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ, որոնց շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի թանգարանում։ Հուշամեդալները թողարկվել են թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
«47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ գաղափարը ծնվել է չորս ամիս առաջ և Մհեր Մկրտչյանի թանգարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեցին հուշամեդալները: Թանգարանն օգնել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, տեքստերով ու նկարներով և հենց առաջին հուշամեդալը նվեր է թանգարանին: Հուշամեդալի բրոնզե օրինակը կթողարկվի անսահմանափակ քանակով, իսկ ոսկին և արծաթը սիմվոլիկ՝ 95 օրինակով: Հուշամեդալների վաճառքի 10 տոկոսը կփոխանցվի թանգարանին: Կատարված աշխատանքի համար Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը համայնքապետարանի անունից «47 դիզայն»-ին հանձնեց շնորհակալագիր:
«Այսուհետ մենք ունենք շատ կարևոր ու արժեքավոր նվեր, որն, ըստ անհրաժեշտության, կկարողանանք հանձնել քաղաքի բարերարներին, պատվավոր մարդկանց, ովքեր քաղաքի կյանքում ու իրենց գործունեության մեջ կունենան դեր և նշանակություն և կարծում եմ ավելի թանկ նվեր քան Մհեր Մկրտչյանն է որպես մասունք, ոչ մեկը չի կարող տանել այս քաղաքից, ինչ համար շնորհավորում ենք»,-նշեց Լիլիթ Թովմասյանը:
Օրվա խորհրդով պայմանավորված թանգարանում ներկայացվեց նաև Մհեր Մկրտչյանի մտերիմ բարեկամի՝ «Ֆիլմ» թերթի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք..․» գիրքը:
Տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվել էր առավոտյան՝ մեծանուն վարպետի հուշարձանի մոտ: Ավելի ուշ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ֆիլմերի պաստառների ցուցադրություն էր, իսկ երեկոյան Գյումրիի փողային նվագախումբը կինոմեղեդիներով կներկայանա գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին: