Կառավարությունն առաջարկում է կրկնակի նվազեցնել թվային վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ձեռք բերելու տուրքերը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը քննարկել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է օրինական կարգավիճակ տալ թվային վարորդական վկայականներին եւ հաշվառման վկայագրերին, ինչպես նաև նվազեցնել դրանց տրամադրման տուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ըստ նախագծի՝ քաղաքացիները, ովքեր սեպտեմբերի 1-ից հետո առաջին անգամ կդիմեն վարորդական կամ հաշվառման վկայական ստանալու համար և կընտրեն միայն թվային տարբերակը՝ հրաժարվելով պլաստիկ քարտից, կվճարեն կրկնակի ցածր տուրք։

«Մեր ստանդարտ տուրքերն այսօր կազմում են 12 հազար դրամ՝ վարորդական վկայականի, և 6000 դրամ՝ հաշվառման վկայագրի համար։ Թվային տարբերակի դեպքում դրանք կնվազեն՝ համապատասխանաբար դառնալով 6000 և 3000 դրամ»,– պարզաբանել է փոխնախարարը։

Նա նշել է նաև, որ նախագծով սահմանվում է լիազորող նորմ, որը կթույլատրի համարանիշների և հաշվառման վկայագրերի առաքումն իրականացնել փոստային ճանապարհով։ Դա հատկապես նպատակահարմար կլինի առցանց առուվաճառքի, գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման դեպքերում։

«Եթե մեքենայի առուվաճառքը կատարվի օնլայն տիրույթում, և պետհամարանիշները չփոխվեն, ապա դրանք և հաշվառման վկայագիրը հնարավոր կլինի ստանալ փոստով՝ առանց գրասենյակ այցելելու անհրաժեշտության»,– ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Բացի թվայնացման ու մատչելիության բարելավումից, փաթեթով նախատեսվում է նաև հստակ կարգավորում՝ վարչական պատասխանատվության հարցում։ Եթե պարեկային ծառայողը կարողանում է նույնականացնել վարորդին և պարզվում է, որ վերջինս վարելու իրավունք ունի, ապա վարչական տուգանք չի կիրառվի՝ վկայականը իր մոտ չունենալու հիմքով։

Փաթեթում ընդգրկվել է նաև արտահերթ քննությունների հնարավորությունը վճարովի հիմունքներով։ Քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց նախընտրած օրն ու ժամն՝ տեսական կամ գործնական քննություն հանձնելու համար՝ վճարելով 30․000–45․000 դրամ տուրք՝ ըստ ժամկետի։

Հայերեն