Մակրոնն ԱԷՄԳ-ին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունն Իրանում
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X միկրոբլոգում Ելիսեյան պալատում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո:
Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզն աջակցում է ԱԷՄԳ-ին։
«Ֆրանսիան ամուր կանգնած է ԱԷՄԳ-ի կողքին, որի դերը կենսական նշանակություն ունի միջուկային անվտանգության համար։ Անհրաժեշտ է, որ գործակալությանը թույլատրվի վերսկսել իր առաքելությունն Իրանում», - նշել է Մակրոնը։
With @rafaelmgrossi, Director General of the @IAEAorg. France stands firmly alongside the IAEA, whose role is vital for nuclear safety and security. It is urgent that the Agency be allowed to resume its mission in Iran. pic.twitter.com/oDXREMsQYE
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 25, 2025
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են օրինագիծ Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը և խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն:
Թեհրանը նշել է, որ Իսրայելի, ապա Միացյալ Նահանգների կողմից հարվածների ենթարկված բոլոր իրանական միջուկային օբյեկտները գտնվում են ԱԷՄԳ-ի հսկողության և պաշտպանության ներքո, որը ոչինչ չի արել այդ հարձակումները կանխելու համար: