Գրոսին Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծման հնարավորություն է տեսնում
2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումից հետո հայտնվել է իսլամական հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված հարցի դիվանագիտական կարգավորման հնարավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը նա ներկայացրել է գործակալության կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ Reuters գործակալության՝ Գրոսին ընդգծել է, որ շահագրգիռ կողմերը չպետք է բաց թողնեն քաղաքական լուծման պահը, քանի դեռ կա հնարավորություն: Գրոսին առանձին նշել է, որ էսկալացիայի կանխման գործում շարունակում է էական դեր խաղալ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:
Միևնույն ժամանակ նա հիմնական առաջնահերթությունը համարում է կազմակերպության տեսուչների մուտքի հնարավորությունն Իրանի միջուկային օբյեկտներ՝ ընդգծելով, որ օբյեկտներ մուտք գործելու դեպքում տեսչական ստուգումների անցկացնելը վտանգավոր կլինի, քանի որ այնտեղ կարող է մնացած լինել չպայթած զինամթերք:
Ինչպես նշում է Reuters-ը, ԱԷՄԳ-ի ղեկավարն ակնկալում է վերսկսել իրանական կողմի հետ լիարժեք համագործակցությունը, այդ թվում՝ նա խոսել է Վիեննայում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության մասին:
Գրոսին նաև նշել է, որ Իրանը պահպանում է իր գիտական մշակումները, տեխնիկական գիտելիքները և արդյունաբերական ներուժը միջուկային ոլորտում: Նրա կարծիքով, այդ փաստը չի կարելի ժխտել: