Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների պետական ֆինանսավորումը հաջորդ տարի գրեթե եռապատկվելու է

4 րոպեի ընթերցում

ԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է  «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով 234 միջոցառում, որոնց կատարման համար ծախսվել է 285.65 միլիարդ դրամ:

Նախարարը նշել է, որ 2017-2018 թվականների տվյալների համեմատ, երբ ոլորտային ծախսերը չէին գերազանցում 150 միլիարդ դրամը, 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է շուրջ 362 միլիարդ դրամի, իսկ 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 420 միլիարդ դրամի հատկացում։ Ոլորտային ֆինանսավորումը 2025 թվականի բյուջեում ավելի քան կրկնապատկվել է, իսկ 2026 թվականի կանխատեսմամբ՝  գրեթե եռապատկվելու է։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ զգալի աճ է գրանցվել  կապիտալ ծախսերի ուղղությամբ։ Եթե 2017 թվականին դրանք կազմել են ընդամենը 1 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին կապիտալ աշխատանքների հատկացումները հասել են շուրջ 107 միլիարդ դրամի։ 

Նախարարը շեշտել է, որ կապիտալ ներդրումները չեն սահմանափակվել միայն դպրոցաշինությամբ, որտեղ աշխատանքների ծավալային աճը շեշտակի է։ Մասնավորապես՝ հուշարձանների պահպանության ոլորտում 2018 թվականի համեմատ հատկացումներն աճել են ավելի քան ութ անգամ։ Սպորտի և գիտության ոլորտներում, որոնցում նախկինում չեն իրականացվել նմանատիպ ինստիտուցիոնալ ներդրումներ, այժմ կապիտալ ծախսերի հատկացումները զգալի են։ Օրինակ՝ Երևանի պետական համալսարանում պետության կողմից կատարվել է շուրջ 3 միլիարդ դրամի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 1.1 միլիարդ դրամի կապիտալ ներդրում։ Ըստ նախարարի՝ պետական ներդրումները նպաստել են գիտական մրցունակության զգալի բարձրացմանը։ Սպորտի ոլորտում նույնպես նոր ենթակառուցվածքների ստեղծման, մարզային կառույցների կառուցման և վերանորագման նպատակով ծավալուն աշխատանքներ են ընթանում։

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ոլորտում իրականացվող աշխատանքների ծավալների աճին զուգահեռ՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը կրճատվել է 28 տոկոսով, ինչը խոսում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման մասին։

Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ նախարարը նշել է՝ 2024 թվականին պետական բյուջեի հատկացումների գերակշիռ մասն ուղղվել է կրթության ոլորտին՝ կազմելով նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շուրջ 65%-ը։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը ոչ միայն պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններ են, այլև հանրային կյանքի կազմակերպման և զարգացման շարժիչ ուժեր: Նրա խոսքով՝ այս ոլորտներում ֆինանսական միջոցները ներդրում են, ոչ թե ծախս, եթե արված են ճիշտ նպատակով, անհրաժեշտ թափանցիկությամբ և տրամաբանությամբ:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ լիագումար նիստից առաջ՝ նախորդ շաբաթ, ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը քննարկվել և հաստատվել էր նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստում:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից