ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը դեռ կշարունակվի տասնամյակներ. փորձագետ
6 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ այս փուլում համագործակցությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կարելի է բացառել, այստեղ հիմնական խնդիրն այն է՝ արդյոք հնարավոր կլինի՞ կարգավորել տնտեսական և քաղաքական հակամարտությունը, թե՞ այն դուրս կգա վերահսկողության շրջանակներից, և մարդկությունը կկանգնի շատ ավելի բարդ իրավիճակների առջև։
«Արմնեպրես»-ի հետ զրույցում «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա լարված հարաբերություններին և տնտեսական ու քաղաքական հակամարտության դրդապատճառներին։
«Այդուհանդերձ, հուսադրող է այն հանգամանքը, որ կողմերը հեռու են ռազմական առճակատումից, մինչդեռ տնտեսական և քաղաքական հակամարտությունը կարող է տևել երկար ժամանակ, առավել ևս, որ այն նոր չէ, ու դեռ 15 տարի առաջ ամերիկյան քաղաքագիտական ու վերլուծական շրջանակները հստակ արձանագրել էին, որ Չինաստանն ԱՄՆ-ի երկարաժամկետ թիվ մեկ սպառնալիքն է, և միայն Չինաստանն է ի վիճակի փոխարինել Միացյալ Նահանգներին աշխարհի ամենահզոր պետության դերում»,- ասաց Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ միաբևեռ աշխարհի փլուզումից հետո, երբ մարդկությունն անցում է կատարում ավելի բազմաբևեռ կամ անորոշ ու քաոսային աշխարհ, բնականաբար, Չինաստանի հետ կապված մտահոգություններն ԱՄՆ-ում ավելի են ուժեղացել։ Պատահական չէ, որ վերադառնալով Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարի 20-ին կտրուկ քայլեր ձեռնարկեց Չինաստանի դեմ, ինչի արդյունքում չինական ապրանքների համար սահմանվեցին 100 տոկոսից ավել մաքսատուրքեր։
«Խոսում էին ֆանտաստիկ թվերի մասին, բայց հետո կողմերը 90-օրյա համաձայնագիր ստորագրեցին, ինչը ենթադրում էր, որ մաքսատուրքերը կնվազեն և բանակցությունները կշարունակվեն։ Տեղի ունեցավ նաև երկու նախագահների հեռախոսազրույցը։ Անշուշտ, նախագահների միջև առկա անձնական լավ հարաբերությունները, որոնցով հպարտանում է Թրամփը, որոշակի դերակատարում ունեն, բայց երբ խոսքը վերաբերում է համակարգային հակասություններին, ապա միայն անձնական համակրանքի կամ դրական հարաբերությունների վրա հենվելով՝ կարևորագույն հարցեր չեն լուծվում, ուստի Չինաստան-ԱՄՆ հակասությունները շարունակվելու են։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք կողմերը կկարողանան ձևավորել մեխանիզմներ այս կամ այն չափով առկա հակամարտությունը կառավարելու համար, թե՞ այն գնալով ավելի կսրվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե հակամարտությունն, այնուամենայնիվ, դուրս գա վերահսկողությունից, ապա ոչ հիմա, այլ 6-7 տարի հետո չի բացառվի նաև ռազմական առճակատումը, առավել ևս, եթե իրավիճակը լարվի Թայվանի շուրջ։
«ԱՄՆ-ում միակ արտաքին քաղաքական հարցը, որը միավորում էր թե՛ հանրապետականներին, թե՛ դեմոկրատներին, վերաբերում է հենց Չինաստանին։ Մյուս արտաքին քաղաքական հարցերում բոլորն ունենալով լուրջ տարաձայնություններ՝ Չինաստանի վերաբերյալ ցուցաբերել են միասնական մոտեցում, ուստի կարծում են, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի «չինական սպառնալիքը» չեզոքացնելու համար։ Տակտիկական մակարդակում, իհարկե, կան տարբերություններ, սակայն ռազմավարական առումով հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի աճը կանգնեցնելու համար, ամերիկյան վերնախավի պնդմամբ, պետք է արվեն կոնկրետ գործողություններ։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, դա այլ հարց է»,- ասաց քաղաքագետը։
Նա վկայակոչեց վերլուծաբանների այն տեսակետը, որի համաձայն՝ տվյալ հարցում ԱՄՆ-ն, թերևս, ուշացել է, որովհետև եթե խնդիր էր դրված կանխել Չինաստանի տնտեսական զարգացումը, ապա բոլոր պատժամիջոցները պետք է կիրառվեին առնվազն 15 տարի առաջ, այլ ոչ թե հիմա, առավել ևս, որ այնպիսի առանձնահատուկ ոլորտներում, ինչպիսն է արհեստական բանականությունը, Չինաստանը գրեթե հավասարվել է Միացյալ Նահանգներին։
«Այդուհանդերձ, միտումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը դեռ կշարունակվի տասնամյակներ, գուցե մինչև 21 դարի երկրորդ կեսը։ Խնդիրն այն է, թե որքանով այդ հակամարտությունն ու հակասությունները կարող են կարգավորվել կամ առնվազն պահպանվել քաղաքական ու տնտեսական շրջանակներում՝ բացառելով դրանց վերաճումը ռազմական առճակատման։ Հաշվի առեք, որ երկու պետություններն էլ հսկայական գումարներ են ծախսում՝ պաշտպանական բյուջեն ձևավորելիս։ Միացյալ Նահանգների ծախսերը մոտենում են արդեն մեկ տրիլիոն դոլարի, իսկ Չինաստանն իր հերթին աշխարհում երկար ժամանակ երկրորդն է իր պաշտպանական բյուջեի ծավալներով։ Երկու գերտերություններն էլ ունեն միջուկային զենք, այնպես որ ռազմական առճակատումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ոչ միայն նրանց, այլև ամբողջ աշխարհի համար։ Հուսով եմ, որ այս գիտակցումը երկուստեք կա»,- եզրափակեց Պողոսյանը։