Եվրոպա

Մոլդովան և Չինաստանն ընդլայնում են տնտեսական կապերը․ Moldpres

3 րոպեի ընթերցում

Մոլդովան և Չինաստանն ընդլայնում են տնտեսական կապերը․ Moldpres

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման 9-րդ ցուցահանդեսին. սա Չինաստանում առևտրին և ներմուծմանը նվիրված ամենակարևոր միջազգային հարթակներից մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։

Փոխվարչապետը Շանհայում մի շարք հանդիպումներ է անցկացրել քաղաքային իշխանությունների, գործարար համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կենտրոնանալով տնտեսական համագործակցության և Մոլդովայի արտահանման հնարավորությունները չինական շուկայում առաջխաղացնելու վրա։

Շանհայի փոխքաղաքապետ Լու Շանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրի, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Փոխքաղաքապետ Լու Շանը բարձր է գնահատել մոլդովական գինիների որակը և նշել չինական շուկայում դրանց ներկայությունն ընդլայնելու ներուժը, այդ թվում՝ առկա արտադրանքի տեսականու դիվերսիֆիկացման միջոցով։

Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսների բյուրոյի ղեկավար Վու Չժենպինի հետ քննարկումները կենտրոնացել են մոլդովական արտադրանքը չինական շուկայում առաջ մղելու հնարավորությունների վրա։

Պոպշոյն այցելել է AllyNav ընկերություն, որը խելացի գյուղատնտեսության ազգային առաջատար ընկերություն է և ունի գյուղատնտեսական մեքենաների համար ինքնավար կառավարման համակարգերի մշակման ավելի քան տասը տարվա փորձ։ Քննարկումները կենտրոնացել են գյուղատնտեսության թվայնացման ոլորտում Չինաստանի փորձի, գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և գյուղատնտեսական ոլորտի նորարարության և արդիականացման բնագավառում համագործակցության հնարավորությունների վրա։

Ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների և թվային առևտրի ոլորտում մասնագիտացած Shanghai Hemi ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններում կողմերը քննարկել են մոլդովական գյուղատնտեսական սննդամթերքի առաջխաղացման հնարավորությունները չինական առցանց առևտրային հարթակներում։

Պոպշոյն իր գործընկեր Վան Իի հրավերով մայիսի 21-25-ը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այցի նպատակն էր ամրապնդել երկխոսությունը և խթանել երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, ներդրումային, մշակութային, կրթական և զբոսաշրջային համագործակցությունը։

Պոպշոյի վերջին այցը Չինաստան տեղի էր ունեցել 2018 թվականին։

 

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում