Հնդկաստանը դարձել է աշխարհում բրնձի խոշորագույն արտադրողը. The Economic Times
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից և դարձել է աշխարհի ամենաառաջատար երկիրը բրնձի արտադրության գծով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է The Economic Times թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության գյուղատնտեսության նախարար Շիվրաջ Սինգհ Չուհանի հայտարարությունը:
2025-2026 գյուղատնտեսական տարում Հնդկաստանում բրնձի արտադրությունը հասել է ռեկորդային 154,02 միլիոն տոննայի՝ նախորդ տարվա 150,18 միլիոն տոննայի համեմատությամբ: Չինաստանում այդ մշակաբույսի արտադրությունը կազմել է 145,28 միլիոն տոննա:
Տասը տարի առաջ Հնդկաստանն արտադրել է 104,4 միլիոն տոննա բրինձ, իսկ Չինաստանը՝ 148,5 միլիոն տոննա: Տարբերությունը կրճատվել է Հնդկաստանում արտադրության կայուն աճի շնորհիվ, ինչպես նաև Չինաստանում արտադրական տեմպերի դանդաղման հետևանքով:
Ներկայումս Հնդկաստանին բաժին է ընկնում բրնձի համաշխարհային արտադրության մոտ 28%-ը: 2024-2025 թվականներին հանրապետությունն արտահանել է 5,9 միլիարդ դոլարի 6 միլիոն տոննա բասմատի տեսակի բրինձ և 6,5 միլիարդ դոլարի 14,13 միլիոն տոննա այլ տեսակների բրինձ: