Հայաստան-սփյուռք հարաբերությունները բարեգործության ձևաչափից տեղափոխվել են ավելի ռազմավարական հարթություն
2 րոպեի ընթերցում

Հայաստան-սփյուռք հարաբերությունները բարեգործության ձևաչափից տեղափոխվել են ավելի կոնկրետ, հասցեական և ռազմավարական ներդրումների ու մասնագիտական ներուժի իրական ներգրավման հարթություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Firebird և NVIDIA ընկերությունների համատեղ ծրագրին՝ Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը։
Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարներին նման մասշտաբի ներդրումային նախաձեռնության համար։
«Երբ մենք խոսում ենք Հայաստան-սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունն ենք նկատի ունենում՝ շատ կոնկրետ, հասցեական և ռազմավարական բնույթի, որի վերաբերյալ որևէ կասկած կամ քննարկում ընդհանրապես չի կարող լինել»,-նշեց Փաշինյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ընդգծեց, որ նման ծրագրերը սփյուռքի ներուժը Հայաստան ուղղորդելու լավագույն ձևաչափն են․
«Եթե չլիներ այդ ներուժի օգտագործումը և ներգրավումը, անկեղծ ասած, այս նախագիծը դժվար թե իրագործելի լիներ մեզ համար՝ գոնե այս փուլում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ միայն ենթակառուցվածքի ստեղծումն է կարևոր, այլև դրա արդյունավետ շահագործման կարողությունները, որոնք այս պահին ներհայաստանյան մակարդակում սահմանափակ են։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ նման նախաձեռնությունները լավագույն պատասխանն են այն թյուրընկալումներին, թե սփյուռքի դերը սահմանափակվում է միայն բարեգործությամբ․
«Սա է ճիշտ պատասխանը այն հարցերին, թե ի՞նչ է արել սփյուռքը։ Խոսքը հարաբերությունների փոխելու մասին է՝ բարեգործությունից դեպի ներդրում, մարդկային ռեսուրսների ներգրավվածություն՝ իրական, շարունակական ու շահութաբեր ձևով»,-ասաց Սինանյանը։