ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները
2 րոպեի ընթերցում

Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Էստոնիայի ԱԳ նախարարության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, նախանշված արդյունքների, թվայնացման, կիբեռանվտանգության, էլեկտրոնային կառավարման, ամպային ծառայությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնահերթությունների ու մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ, այդ համատեքստում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձրաստիճան փոխայցելություններին և ակտիվ փոխգործակցությանը, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակական և զարգացող գործընկերությունը, համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամությունը։