Գիտություն

Հայ գիտնականները շարունակաբար հայտնաբերում են նոր գալակտիկաներ

13 րոպեի ընթերցում

Հայ գիտնականները շարունակաբար հայտնաբերում են նոր գալակտիկաներ

Բյուրականի աստղադիտարանում իրականացվող ուսումնասիրություններն ապագայում նպաստելու են տիեզերքի էներգետիկ պաշարների ավելի խորը ընկալմանն ու կիրառմանը:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով գիտական այս խոշոր կենտրոնում իրականացվող աշխատանքներին, որոնց ընթացքում հայտնաբերվել, բնորոշվել և արձանագրվել են հազարավոր նոր գալակտիկաներ: 

- Ներկայում ի՞նչ հետաքրքիր ու կարևոր ծրագրեր են իրականացվում Բյուրականի աստղադիտարանում:

- Մեզ մոտ միշտ առանձնակի ուշադրություն է դարձվել տիեզերական նոր օբյեկտների որոնումներին և ուսումնասիրություններին: Մեր գիտահետազոտական բաժինն, օրինակ, զբաղվում է գալակտիկաներով, մասնավորապես՝ ակտիվ գալակտիկական միջուկներով: Դրանք գրավիչ են հատկապես տիեզերական էներգետիկ աղբյուրներ լինելու տեսանկյունից: Այդ առումով սրանք հեռանկարային ուսումնասիրություններ են՝ միտված առանձին օբյեկտների հայտնաբերմանը, դրանց վերաբերյալ վիճակագրության ձևավորմանը, տվյալների, ֆիզիկական պարամետրերի ընդհանրացմանը, ճառագայթման վերաբերյալ պատկերացում կազմելուն և այլն:

Գիտնականներն ընդհանուր առմամբ համամիտ են, որ ակտիվ գալակտիկաները ճառագայթում են ակրեցիայի շնորհիվ: Դա մի երևույթ է, երբ երկնային մարմնի գրավիտացիոն դաշտը շրջակա տարածությունից վերցնում է նյութ, որի մի մասը հաջորդիվ ընկնում է մարմնի մակերեսին և ճառագայթում է: Պարզ է, որ այդ ճառագայթման էներգիայի արդյունավետությունը 100 անգամ ավելի բարձր է, քան ջերմամիջուկային ռեակցիայինը: Եթե մարդկությունը սովորի օգտագործել այդ էներգիան, դա կարող է հսկայական առաջընթաց ապահովել: Արդեն իսկ պարզ է, որ Բյուրականի աստղադիտարանում իրականացվող ուսումնասիրություններն ապագայում նպաստելու են տիեզերքի էներգետիկ պաշարների ավելի խորը ընկալմանն ու կիրառմանը:

- Հաջողվո՞ւմ է դիտարկել կամ, նույնիսկ հայտնաբերել նոր գալակտիկաներ: 

- Հազարավոր նոր գալակտիկաներ ենք հայտնաբերել: Միայն իմ հաշվին՝ շուրջ 3.5 հազար է: Բայց, կուզենայի հստակեցնել, թե ինչ նկատի ունեմ հայտնաբերել ասելով: Նախկինում այդպես էին ասում այն դեպքում, երբ գտնվում կամ բացահայտվում էր որևէ նոր բան, երևույթ, որը մինչ այդ գրանցված չէր գիտական գրականությունում, կատալոգներում ու երբևէ չէր դիտարկվել: Հիմա շատ ավելի խիստ մոտեցում է դրսևորվում: Տիեզերքում կան տրիլիոնից ավելի գալակտիկաներ ու դրանից էլ շատ աստղեր: Դրանցից յուրաքանչյուրը հատ-հատ թվարկելը չի համարվում հայտնաբերում: Աստղագիտությունում «հայտնաբերել» բառը կիրառվում է միայն այն դեպքում, երբ գիտնականը ներկայացնում է տիեզերական այնպիսի նոր օբյեկտ, որը կարող է տալ աստղաֆիզիկական և ֆիզիկայի որոշ խնդիրների պատասխաններ: Այսինքն, պարզապես հերթական աստղ կամ գալակտիկա նշելը դեռևս չի համարվում հայտնագործություն:

Մեր դեպքում խոսքը վերաբերում է այն ակտիվ գալակտիկական միջուկներին, ռադիոգալակտիկաներին, Սեյֆերտի տիպի գալակտիկաներին, որոնք ունեն հատուկ առաքման գծեր և տարբերվում են սովորական գալակտիկաներից: Այդ պարագայում ասում ենք՝ հայտնաբերեցինք: Միայն դրանց մասին հոդվածներն են ներկայացվում միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում: Մեր գիտնականների հեղինակած հոդվածների զգալի մասում հենց նման արդյունք և բովանդակություն է ներկայացվում:

- Վերջին անգամ ե՞րբ է հրատարակվել նման հոդված: 

- Մեր աշխատանքն անդադար շարունակվում է: Սովորաբար գիտական խմբի կատարած աշխատանքի մասին հայտարարվում է հոդվածի հրատարակվելուց հետո: Հայտնագործության մասին հոդվածը հանդեսի էջերում կարող է հայտնվել ներկայացվելուց ամիսներ անց: Այնպես որ, վերջին ասածը մի քիչ հարաբերական է: Այսօր էլ ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում ենք տիեզերական տարբեր օբյեկտներ, դրանցում ընթացող նոր երևույթները և այլն:

«Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics) ամսագրում մեր հրատարակած վերջին հոդվածում 779 գալակտիկա նույնականացվել է որպես ակտիվ գալակտիկա և համարակալվել է: Մինչ այդ դրանք հայտնի չէին որպես ակտիվ գալակտիկական միջուկներ: Բոլորն էլ հայտնաբերել են Բյուրականի աստղադիտարանի գիտնականները: Դրանք հիմնականում այսպես կոչված Մարգարյանի գալակտիկաներից են, որոնք ժամանակին առանձնացրել է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանը: Նա նկատել էր, որ դրանք ջերմաստիճանային ավելցուկ ունեն, բայց մինչև վերջերս պարզ չէր դրանց ֆիզիկական բնույթը: Մենք կարողացանք ըստ ակտիվության դասերի ճշտել դա:

- Այդ գալակտիկաներում կա՞ն մոլորակներ և աստղեր:

- Գալակտիկաներում լինում են միլիարդավոր, իսկ առավել խոշորներում՝ հարյուր միլիարդավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրի շուրջ կարող են լինել մոլորակներ: 

- Ձեր ղեկավարած ծրագրերից մեկը վերաբերում է ռենտգենյան պայծառ գալակտիկաների որոնմանն ու ուսումնասիրությանը: Ի՞նչ ծրագիր է, ո՞րն է ուսումնասիրության նպատակը:

- էլեկտրամագնիսական ալիքների տիրույթը շատ լայն է՝ գամմայից մինչև ռադիո: Հիմա կարող ենք գալակտիկաները նախ ուսումնասիրել առանձին տիրույթներում, հետո՝ միավորել: Յուրաքանչյուր սարքավորում զգայուն է որոշակի տիրույթում: Համապատասխան սարքեր ենք կիրառում տիեզերական ռենտգենյան աղբյուրների հայտնաբերման համար: Հայտնաբերելուց հետո պետք է հասկանանք, թե դրանք ինչ են ներկայացնում իրենցից: 

Առաջին քայլը նույնականացումն է, այսինքն՝ օպտիկական հայտնի օբյեկտների հետ նույնացնելը: Կարող է պարզվել, որ մեկը գալակտիկա է, մյուսները՝ բռնկվող աստղեր կամ, գուցե, սպիտակ թզուկ աստղ, կամ՝ ջերմ պսակով աստղ, որը ռենտգենյան ճառագայթում է արձակում: Այս ամենը ճշտել և դասակարգել ենք՝ հիմնվելով տասնյակ հազարավոր աղբյուրների վրա: Դա էլ առանձին աշխատանք է:

Այնուհետև փորձում ենք այդ ամենը նույնականացնել կամ համապատասխանեցնել այլ ալիքային տիրույթների հետ: Օրինակ, մեզ շատ է հետաքրքրում, թե ռենտգենյան ակտիվ գալակտիկաներն իրենցից ինչ են ներկայացնում, ասենք, ռադիոտիրույթում: Դրանք նույնպե՞ս պայծառ են, թե՞ ռադիո և ռենտգենյան գալակտիկաները տարբեր են: Մասնագետները տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության համադրմամբ փորձում են հասկանալ, թե տիեզերքն ի՞նչ է ներկայացնում իրենից:

Բյուրականի աստղադիտարանն ակտիվորեն ներգրավված է աշխարհում մեծ տարածում ունեցող բազմալիքային ուսումնասիրություններին՝ օգտագործելով ոչ միայն մեր դիտողական հնարավորությունները, այլև միջազգային գործընկերների և տիեզերական տարբեր սարքերի կարողությունները:

- Ըստ Ձեզ, մարդկությունը երբևէ կկարողանա՞ օգտագործել տիեզերքի ռեսուրսները:

- Այս պահին դա դժվար է պատկերացնել, որովհետև աստղերն անչափ հեռու են: Մինչև այժմ մարդու կատարած տիեզերական ճանապարհորդության ամենահեռավոր կետը մնում է Լուսինը: Այլ աստղերին, անգամ՝ Արեգակնային համակարգի մյուս մարմիններին հասնելը մնում է ֆանտաստիկայի տիրույթում: Տեսականորեն դա հնարավոր կլինի, եթե գիտությունը զարգանա այն աստիճան, որ մարդիկ կարողանան տիեզերական ուղևորություններ կատարել, ասենք, լույսի արագությամբ: Չէ՞ որ մեր մոլորակին ամենամոտ աստղը 4.3 լուսատարի հեռավորության վրա է: Այսինքն, նույնիսկ լույսի արագությամբ շարժվելու դեպքում ավելի քան 4 տարում կհասնենք մոտակա աստղին: Մյուս աստղերն աներևակայելի հեռու են:

Եվ հետո. ո՞րն է այլ մոլորակների օգտակար հանածոները Երկիր տեղափոխելու իմաստը: Եթե մարդիկ երբևէ կարողանան հասնել այլ մոլորակներ, ապա, հավանաբար, բնակություն կհաստատեն և այդ ռեսուրսները կօգտագործեն հենց տեղում:

- Երբեմն տեղեկություններ են հայտնվում Երկրին մոտեցող տիեզերական օբյեկտների մասին: Որքանո՞վ է հավանական դրանց բախումը մեր մոլորակին:

- Կան մի քանի օբյեկտներ, որոնք կոչվում են երկրամերձ աստղակերպեր և երկնաքարեր: Դրանք շարժվում են իրենց ուղեծրերով և ժամանակ առ ժամանակ մոտենում են Երկրին կամ հեռանում նրանից: Հիմա կան հարյուրավոր տիեզերական մարմիններ, որոնց Երկրին մոտենալու պահը հստակ հաշվարկված է: Ամենավտանգավորներից է Ապոֆիս աստերոիդը, որը Երկրին մոտենալու է 2029 թվականին, սակայն հաշվարկների համաձայն՝ չի բախվելու, այլ անցնելու է մեր մոլորակի և Լուսնի միջև: Այնուհանդերձ, համարվում է, որ առաջիկա անցման ժամանակ Ապոֆիսը Երկրի ձգողության ուժի ազդեցությամբ կարող է մի փոքր փոխել ուղեծիրը և հաջորդ անգամ՝ տասնյակ տարիներ անց, գուցե, բախվի մեր մոլորակին:

Ի դեպ, Երկրի վրա գրանցված է 184 երկնաքարային խառնարան, որոնցից ամենահայտնին Արիզոնայում է: Հաշվարկված է, որ դրանք գոյացել են մոտավորապես 1 միլիարդ տարվա ընթացքում: Այսինքն, տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում տիեզերական որևէ խոշոր մարմին բախվում է Երկրին: Թվում է, թե դա շատ ուշ-ուշ է տեղի ունենում, բայց խնդիրն այն է, որ որևէ մեկը չգիտի՝ երբ կարող է լինել հաջորդ բախումը:

Անընդհատ ուսումնասիրում ենք հնարավոր վտանգ ներկայացնող բոլոր մարմինները և հետևում նրանց ուղեծրերին, սակայն վաղը կարող է հայտնվել դեպի Երկիր սուրացող մեկ այլ տիեզերական օբյեկտ: Մենք, իհարկե, շատ մեծ հեռավորությունից կնշմարենք այն, կզգուշացնենք վտանգի մասին, իսկ համապատասխան ատյանները կորոշեն չեզոքացնելու ձևը: Դիտարկվում են տարբեր միջոցներ՝ պայթեցնելուց մինչև ուղեծրի փոփոխություն: 

- Վերադառնանք մեր առօրյա. Բյուրականի աստղադիտարանում այս տարի սպասվո՞ւմ են միջազգային նշանակալի գիտաժողովներ, համաժողովներ:

- Անշուշտ: Գրեթե ամեն տարի կազմակերպում ենք նման միջոցառումներ: Սեպտեմբերի 15-19-ը տեղի է ունենալու «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է լինելու աստղագիտության և համակարգչային գիտության համագործակցությանը: Աստղագիտական շրջահայություններն ամենից շատ տվյալներ ապահովող ոլորտն են: Իսկ այսպես կոչված մեծ տվյալները շատ տարածված են համակարգչային գիտության մեջ և նպաստում են աստղագիտությունում անգամ արհեստական բանականության կիրառմանը:

Հոկտեմբերի 6-10-ը նախատեսված երկրորդ գիտաժողովի թեման է «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը»: Նման գիտաժողով՝ համաշխարհային համբավ ունեցող մասնագետների մասնակցությամբ, անցկացրել էինք նաև 2017 թվականին: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությանն արժանացած ծրագիր է: Այս տարի մասնակիցներ են լինելու տասնյակ երկրներից: 

- Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանում նկատվո՞ւմ է գիտության նկատմամբ երիտասարդների վերաբերմունքի փոփոխություն:  

- Երիտասարդությանը կոչ կանեի մի քիչ ավելի լուրջ վերաբերվել գիտությանը, որովհետև այն անչափ կարևորվելու է արդեն տեսանելի ապագայում: Շուտով համակարգիչներն ու արհեստական բանականությունը կլանելու են մարդկային գործունեության շատ ոլորտներ: Թերևս, մարդիկ գերիշխելու են միայն ստեղծագործական ոլորտում, որին դասվում է նաև գիտությունը: Կարծում եմ՝ գիտությամբ զբաղվող մարդիկ այդ ժամանակ ավելի կարևոր դիրք կզբաղեցնեն մեր հասարակությունում: Գիտությունն է լինելու Հայաստանի առաջընթացի գրավականը: Եթե նոր սերունդը գիտակցի դա, իսկ պետությունն էլ շարունակի աջակցել ոլորտին, ապա Հայաստանը կգրանցի թռիչքաձև զարգացում:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում