Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես
5 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ» ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործական ժառանգությունը արևելյան զգայականության, հայկական պատկերագրական ավանդույթների և արդիական ձևամտածողության եզակի համադրություն է։

Ռուբեն Շահվերդյանը (1900-1976) ծնվել է Սիղնաղում (Վրաստան) և մանկուց աչքի է ընկել նկարչության, քանդակագործության ու երաժշտության ձիրքով։ Բազմակողմանի տաղանդի շնորհիվ նա Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի ուսումը (ուսուցիչ՝ Եղիշե Թադևոսյան) հաջողությամբ համատեղել է օպերային թատրոնում երգելու և երաժշտական ներկայացումներ բեմադրելու հետ։ Թեև ի վերջո կերպարվեստն է դարձել նրա գլխավոր ուղղությունը, երաժշտությունը մնացել է որպես հիմնական թեմա նրա ողջ արվեստում։

Արդեն 1926 թվականից դառնալով ցուցահանդեսների մշտական մասնակից՝ Շահվերդյանն իրեն դրսևորել է իբրև դեկորատիվ, գունեղ և արևելյան ընդգծված ոճի վարպետ։ Այդ վաղ շրջանի գեղանկարներն ու գրաֆիկական գործերը պատկերում են ընտանեկան տեսարաններ, կինտոների, գեղջուկների, առևտրականների, հեզաճկուն հայուհիների, երաժիշտների և մանրավաճառների խիստ ոճավորված կերպարներ։ Նկարիչն անդրադարձել է նաև սոցիալիստական ու պրոպագանդիստական թեմաների՝ այդուհանդերձ փորձելով հնարավորինս հավատարիմ մնալ սեփական ստեղծագործական սկզբունքներին։

Թիֆլիսում բավականին ճանաչում ձեռք բերած գեղանկարիչը 1941 թվականին տեղափոխվել է Հայաստան և սկսել լրջորեն ուսումնասիրել հայ ճարտարապետության, մանրանկարչության ու ազգագրության ավանդույթները։ Արդյունքում դրսևորվել են դեկորատիվության բարդ ու նորարարական որակներ, որոնք հատկապես արտացոլված են արվեստագետի խեցեգործության մեջ։
1955-ին տարվելով արվեստի այդ տեսակով՝ Շահվերդյանը կիրառել է կավի ու կոպիտ իրակավի թրծման ամենատարբեր մեթոդները, փորձարկել խեցեգործության սինթետիկ բնույթի անհամար հնարավորությունները՝ ձևի, գույնի և մակերեսի համադրումների բազմազանությունը վերհանելու նպատակով։ Եվ հենց այդ ստեղծագործական բացարձակ ազատությամբ առանձնացող խեցեգործությունն էլ դարձել է Շահվերդյանին մեծ ճանաչում բերող, նրա յուրօրինակ աշխարհընկալումն ու անկրկնելի ձեռագիրն արտահայտող այցեքարտը։

Արվեստագետը կերտել է հավաքական տիպաժների մի ամբողջ պատկերասրահ․ կինտոներ, արևելյան գործիքներ նվագող երաժիշտներ ու պարուհիներ, բեռնակիրներ, մայրեր՝ երեխաների հետ։ Այս քանդակներից յուրաքանչյուրը յուրօրինակ ֆոլկլորային, երգիծական պատկերում է, որը ներդաշնակորեն ձուլվում է տոնախմբությանը մասնակցող կերպարների հսկա բանակին՝ մարմնավորելով կենդանի մշակույթի ողջ ցնծությունն ու բերկրանքը։

Դեկորատիվիզմի, զարդանախշի և գունային դինամիկայի իր համարձակ փնտրտուքը Շահվերդյանը բերել է նաև հախճապակու, գորգարվեստի և գեղանկարչության տիրույթ։
Ռուբեն Շահվերդյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է՝ հաղորդակցվելու վարպետի բազմաժանր ժառանգությանը:
«Ժամանակակից ցուցահանդեսները կարևոր են հենց նրանով, որ հնարավորություն են տալիս բացահայտելու նման արվեստագետներին։ Մենք այստեղ ներկայացրել ենք ոչ միայն գեղանկարիչ կամ խեցեգործ Ռուբեն Շահվերդյանին, այլև մի արվեստագետի, որի ստեղծագործությունն այսօր էլ լիարժեքորեն արդիական է, քանզի ներկայացնում է ավանդույթների, արևելյան իմաստնության, նորարարության և ավանդական հայկական արվեստի բավականին հետաքրքիր սինթեզ»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ցուցահանդեսի համակարգող, Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարի բաժնի աշխատակից Զառա Դիլանյանն էլ նշեց, որ ցուցահանդեսնում ներկայացված են 90 նմուշներ, որոնց մեծ մասը կազմում են խեցեղեն աշխատանքները, քանդակները։

«Դրանցից որոշները տասնյակ տարիներ պահվել են մեր ֆոնդային պահոցներում, երբևէ չեն ցուցադրվել, և այսօր Ռուբեն Շահվերդյանի 125-ամյակի առթիվ հնարավորություն ունենք ցուցադրել նրա ամբողջական արվեստը «Նախշապատումներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում։ Շահվերդյան իսպակես բազմաշերտ ու բազմատաղանդ արվեստագետ է, և լավ կլինի, որ ժողովրդի մեջ մեծ ճանաչելիություն ձեռք բերի»,-ասաց նա։