Իրավունք

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված որոշ ընկերությունների տնօրեններ ձերբակալվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով օգոստոսի 25-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսավարողների գործունեության և բնակության ընդհանուր թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և առարկաներ:

Տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեները ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքվել են:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ տնօրեններ Ի.Հ.-ի, Ա.Ա.-ի, Կ.Ա.-ի և նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են:

Վերջիններս ձերբակալվել են: Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:

Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում