Երևանյան CAP2026-ը դարձավ հետաքրքիր գաղափարների և նախագծերի ներկայացման կարևոր հարթակ
3 րոպեի ընթերցում

Երևանում ավարտվեց Միջազգային աստղագիտական միության նախաձեռնած աստղագիտության հանրայնացման քառօրյա համաժողովը (CAP2026), որին առկա և հեռավար ձևաչափով մասնակցեցին 56 երկրի 213 պատվիրակներ:
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ միջոցառումը ծառայեց գլխավոր նպատակներին՝ դարձավ հետաքրքիր գաղափարների և հեռանկարային նախագծերի քննարկման և փորձի փոխանակման հարթակ, նպաստեց տարբեր երկրների ներկայացուցիչների միջև շփումներին և հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Ըստ նրա՝ շատ էին նաև բազմաբնույթ տեղեկատվությամբ հագեցած և հարուստ բովանդակություն ունեցող զեկույցները:

«Անձամբ ինքս տարբեր հարցեր եմ քննարկել շուրջ 15 երկրների ներկայացուցիչների հետ: Հնչել են նաև բազմաբնույթ համագործակցության առաջարկներ, փոխանցվել են արտասահմանում կայանալիք համաժողովներին և գիտաժողովներին մասնակցության հրավերներ: Մի խոսքով՝ ձևավորվել են գործընկերային լավ կապեր: Իհարկե, ունենք նաև նախնական պայմանավորվածություններ, որոնց մասին առայժմ չեմ բարձրաձայնի, կանդրադառնամ միայն դրանց շուրջ զարգացումներ լինելու դեպքում: Ուզում եմ հիշեցնել, որ երևանյան համաժողովին առկա ձևաչափով մասնակցում էին 34 երկրի 85 պատվիրակներ»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Միջազգային աստղագիտական միության գործադիր կոմիտեի՝ Աստղագիտությունում հավասարության և ներառականության աշխատանքային խմբի նախագահ Կելլի Բլումենտալը «Արմենպրես»-ի հետ զրույցում երևանյան համաժողովը կարևորեց հատկապես մասնագիտական շփումների և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից, արձանագրեց նաև գիտական ուսումնասիրությունների վերաբերյալ հետաքրքրության աճը:
CAP2026 համաժողովը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված խոշոր միջոցառումներից առաջինն էր: Տարբեր իրադարձություններով հագեցած է լինելու տարվա երկրորդ կիսամյակը: Առանձնահատուկ նշանակություն են ունենալու «Մեր անկայուն Տիեզերքը» խորագրով միջազգային գիտաժողովը (սեպտեմբերի 14-18-ը) և SWCA 5-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը (սեպտեմբերի 18-ին):
