Իրավունք

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ

Արդարադատության նախարարությունը նախատեսում է մշակել օրենսդրական նախագիծ, որով դատարանում գործերի քննության համար կսահմանվեն կոնկրետ ժամկետներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Իհարկե, հասկանալի է, որ կա օբյեկտիվ ծանրաբեռնվածություն, բայց այդ ծանրաբեռնվածությունը պետք է նաև հնարավոր լինի թոթափել։ Կան դատավորներ, որոնք նույն ծանրաբեռնվածության պայմաններում գործերը քննում և ավարտում են շատ ավելի արագ՝ տարիների տարբերությամբ։ Այսինքն՝ անհասկանալի է, թե ինչու է մեկ դատավորը գործը ավարտում երկու-երեք տարում, իսկ մյուսը՝ ինը կամ տասը տարում։ Սա բոլորիս համար անընդունելի երևույթ է», – ընդգծեց արդարադատության նախարարը։

Նա նշեց, որ նախագիծը ենթադրում է նաև գործերի քննության ժամկետի երկարացման հստակ չափանիշների սահմանում, որպեսզի դատավորները, պատճառաբանված որոշմամբ, կարողանան որոշ դեպքերում երկարաձգել ժամկետները․

«Սա մի նախագիծ է, որը պետք է մեր բոլոր գործընկերների հետ քննարկվի, նաև գործերի ժամկետի քննության երկարացման հնարավորությունները ևս պետք է քննարկվեն և սահմանվեն այն չափանիշները, որոնց հիման վրա պատճառաբանված որոշմամբ հնարավորություն կունենան դատավորները երկարացնել այդ գործերի քննության ժամկետը»,-եզրափակեց Գալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում