Իրան

Արաղչին և Գրոսին «օգտակար» հանդիպում են անցկացրել Թեհրանում

2 րոպեի ընթերցում

Արաղչին և Գրոսին «օգտակար» հանդիպում են անցկացրել Թեհրանում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 16-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Թեհրանում հանդիպում է ունեցել, որի ընթացքում տեղի են ունեցել «օգտակար» քննարկումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

«Օգտակար քննարկում ունեցա ԱԷՄԳ-ի ղեկավար Գրոսիի հետ։ Առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է առանցքային դերակատարում ունենալ իրանական միջուկային գործի խաղաղ կարգավորման հարցում», - գրել է նա։

Գրոսին իր հերթին X-ում գրել է, որ Արաղչիի հետ հանդիպումը կարևոր էր։

«ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն անփոխարինելի է՝ վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա», - գրել է ԱԷՄԳ-ի ղեկավարը:

Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև Իրանի արտգործնախարարությունն իր Telegram ալիքում, ըստ որի՝ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր ստանձնած  պարտավորությունները՝ «տեղի չտալով որոշ երկրների կողմից անհիմն ճնշումներին»։ Նախարարը վերահաստատել է Իրանի «վճռականությունը՝ շարունակելու փոխգործակցել և համագործակցել ԱԷՄԳ-ի հետ միջազգային-իրավական պարտավորությունների շրջանակներում»՝ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արաղչին նաև Գրոսիին տեղեկացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքի մասին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտնել էր, որ Գրոսին կհանդիպի նաև երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Օմանում ապրիլի 19-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում