Սլովենիայի ԱԳ նախարարը մեծապես գնահատում է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հավակնությունները

2 րոպեի ընթերցում

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը մեծապես գնահատում է Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի հավակնությունները և պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը։ 

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի հավակնություններին, մենք մանրամասն քննարկումներ ունեցանք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Սլովենիան՝ որպես ԵՄ-ի անդամ երկիր, երկար տարիների փորձ ունի։ ԵՄ-ին միանալու Հայաստանի հավակնությունները ես մեծապես գնահատում եմ»,-նշեց Տանյա Ֆայոնը։ 

Նա ընդգծեց, որ ԵՄ-ին անդամակցությունը բարդ գործընթաց է՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը երկրի ինքնիշխան որոշումն է, և Սլովենիան քաջալերում է Հայաստանին շարունակել ժողովրդավարացման ճանապարհը, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ տանելու շուրջ աշխատանքը։ 

«Մենք այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնում թե՛ մեր փորձագիտական, թե՛ այլ գիտելիքներով»,-ընդգծեց Սլովենիայի ԱԳ նախարարը։

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Հայերեն English Русский