Մշակույթ

Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցությունը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման: 

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները նոր թափ են ստացել հատկապես մշակույթի ոլորտում: Այս փաստաթուղթն էլ համագործակցության ընդլայնման վկայություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով երկու երկրների համատեղ նախընթաց ծրագրերի արդյունավետ իրագործումը: 

Դեսպան Կլաուդիա Բուշը, շնորհավորելով կարևոր փաստաթղթի ստորագրման առիթով, նշել է, որ հուշագիրն ամուր հիմք է ավելի հիմնավոր համագործակցության  համար: 

«Գերմանական կողմը կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասել է դեսպանը:

Մտադրության համատեղ հռչակագրի շրջանակում կողմերը խրախուսում են փորձի և մասնագետների փոխանակումը երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև, ինչպես նաև համագործակցությունը գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Խրախուսվում են նաև Հայաստանում և Գերմանիայում մշակութային և կրթական  կապերի փոխգործակցությունն ամրապնդող հաստատությունների ստեղծումն ու գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում