Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասաններին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում այս անգամ մարզը հյուրընկալել էր Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները հանդիսատեսին են հրամցրել «Իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացումը։
Բեմադրությունը դիտելու են հրավիրվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների մանկավարժներ, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմեր, անհատ քաղաքացիներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի ընթացքում սա հերթական՝ 6-րդ ներկայացումն էր։
Հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ սունդուկյանցիների հետ։