Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, ինչպես նաև Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո բնակավայրերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3–ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4–ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։

ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով, գործընկեր իրավապահ մարմինների հետ համատեղ, ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում