Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ
4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում՝ Հայոց բանակի նախկին զինծառայող, պահեստազորի կապիտան Մուշեղ Սիմոնյանի տանը, պահվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի դիմապատկերով Արիության մեդալ, որը շնորհվել է 1828 թվականին, Թուրքիայի Ալաշկերտ գավառի Կումլիպուճախ գյուղի տանուտեր, այնտեղից գաղթած ու Սևանա լճի հարավային ափին բնակություն հաստատած Մելիք Պետրոս Պահլավունուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մելիք Պետրոս Պահլավունու թոռան թոռ Մուշեղ Սիմոնյանը, տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ Մելիք Պետրոս Պահլավունին այդ Արիության մեդալին արժանացել է ռուսական բանակին կամավորագրվելու ու նրա շարքերում ջոկատի հրամանատարի կարգավիճակով մարտնչելու համար։
«Հետխորհրդային տարիներին հրատարակված «Բագրեւանդ» թերթում կա տեղեկություն այն մասին, որ Մելիք Պետրոս Պահլավունին կամավորագրվել է ռուսական բանակին, մարտնչել նրա շարքերում, որի համար ցարական կառավարության կողմից արժանացել Արիության մեդալի։ Այդ մասին մեր մեծ գերդաստանի մարդիկ տեղեկացել են նաև բանավոր զրույցների միջոցով, որը փոխանցվել է պապից թոռ։ Մելիք Պետրոս Պահլավունու հետ 1830 թվականին Ալաշկերտի Կումլիպուճախ գյուղից գաղթել ու Աստղաձոր գյուղում բնակություն են հաստատել նաեւ Փուրթո Փուրթոյանը, Ղազար Բաղդասարյանը, Անտոն Քամալյանը, Տեր-Ստեփան Հակոբյանը, Սրքե Սրքեյանը, Նավո Խոչոյանը, Գափո, Սուքո, Հովհան եղբայրները, Հոխան Հոխանյանը, Մարկոսը, ումից ծագել են Եսայան, Գրիգորյան և Արշակյան տոհմերը, Չոբան Առաքյալը։ Հարթինը նրանց հետ եկել է Մուշից։ Իմ նախապապ Մելիք Պետրոս Պահլավունին գաղթել է մեծաքանակ անասնահոտերով՝ իր հետ Էրգրից բերելով նաեւ 2 սուրբ գիրք՝ 1700-ական թվականներին Էջմիածնի տպարանում տպագրված «Աստվածաշունչը» և Գրիգոր նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որոնք պահպանվում էին Մեծ տանը, ուր առաջին անգամ հանգրվանել էին մեր պապերը։ Ցավոք, շուրջ երկու տասնամյակ առաջ անհայտ անձինք գողացան գրքերը, սակայն մեզ հաջողվել է գոնե մասունքի պես պահպանել Մելիք Պետրոս Պահլավունուց հուշ մնացած այս հուշամեդալը։ Այն պատրաստված է մաքուր արծաթից և կշռում է 55 գրամ։ Բնական է, որ նման մեդալը հենց այնպես չէր կարող շնորհվել, եթե դրա դիմաց Մելիք Պետրոս Պահլավունին չցուցաբերեր բացառիկ ծառայություն ռուսական կողմին։ Արիության մեդալը փոխանցվել է սերնդեսերունդ ու հասել ինձ։ Այն եղել է կրծքանշան, որն ամրացվել է հագուստի վրա։ Մեդալի պահպանությունն ավելի հուսալի դարձնելու համար նրա վրա ոսկերչի միջոցով ամրացնել եմ տվել 1800-ական թվականների ռուսական 20 ռուբլու վրայի արծաթյա գերբը, որի մեջ հագնում է արծաթյա շղթան՝ նաև պարանոցի վրա կրելու համար։ Անառարկելի է, որ այս մեդալն առանց համապատասխան փաստաթղթի շնորհվել չէր կարող, սակայն, ցավոք, այդ փաստաթուղթը մեզ չի հասել։ Ես ժամանակին գրավոր հարցումներ եմ արել ԽՍՀՄ արխիվներին, սակայն պատասխան չեմ ստացել։ Այդուհանդերձ, մի բան հաստատ ու անառարկելի է , որ այս մեդալը շնորհված է եղել Մելիք Պետրոս Պահլավունուն՝ մերօրյա Աստղաձոր գյուղի հիմնադրին»,-ներկայացրեց Մուշեղ Սիմոնյանը։
Մեդալի դեմի մասում ռուսերեն տառերով գրված է. «Աստծո ողորմածությամբ Նիկոլայ Առաջին Կայսր եւ ինքնակալ համայն Ռուսիո»։ Մեդալի հետևի մասում գրված է. «Արիության համար»։