Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանն օգոստոսի 1-ին տոնում է տարեդարձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հիշեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ջերմորեն շնորհավորում անվանի երգչուհուն, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, հավատարիմ հանդիսատես և լեփ-լեցուն դահլիճներ:

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում:

Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1977-1992 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

1992 թվականին հրավիրվել է Սիդնեյի Opera Hause՝ որպես մեներգչուհի, որտեղ և շարունակում է իր մասնագիտական ու մանկավարժական գործունեությունը:

Նա դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ ներկայացնելով հայկական երգարվեստը։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ձայնի գեղեցիկ տեմբրի, դիապազոնի և երաժշտաբեմական տվյալների շնորհիվ Արաքս Մանսուրյանի երկացանկում ընդգրկված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական օպերայի ամենաբարդ ստեղծագործությունները, ինչպես օրինակ՝ Էլիզաբեթը («Դոն Կարլոս» օպերայից), Նեդդան («Պայացներից»), Լեոնորան («Տրուբադուրից»), Աիդան («Աիդայից»), Ամելիան («Դիմակահանդեսից»), Իզոլդան («Տրիստան և Իզոլդայից»), Շուշանը («Դավիթ-Բեկից»), Անուշը («Անուշ» օպերայից)։

2015 թվականին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Արաքս Մանսուրյանի անունը սերտորեն կապված է հայկական օպերային արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման հետ։ Տարիներ շարունակ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի հեղինակավոր բեմերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում