Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2026 թվականի հուլիսի վերջին օրվա դրությամբ արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, խոտի բերքահավաքն արդեն ավարտվել է ցածրադիր գոտիների բնական կամ ցանովի խոտհարքերում, իսկ այժմ այն արագ թափով ընթանում է բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում։
«Բարձրադիր գոտիների բնական խոտհարքերում ևս առկա է առատ բուսածածկույթ, որտեղից ակնկալվում է բարձր բերքատվություն։ Եղած տեխնիկական միջոցները և աշխատուժը բավարար են՝ անասնակերի բերքահավաքը նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ Բերքահավաքի համար բարենպաստ են նաև եղանակային պայմանները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։
Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի կեսերը։