Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 7-ին կբացվի ժամանակակից ստեղծագործող Կարեն Օհանյանի վերջին շրջանի գործերի «Նուրբ բան» խորագրով ցուցահանդեսը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի «Հեռապատումներ»՝ ժամանակակից հայկական արվեստին նվիրված ծրագրի շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի առանցքում երկու խոշորածավալ տրիպտիխներ են։ Աշխատանքները, յուրաքանչյուրը՝ 202 × 273 սմ, ստեղծված են կտավի վրա յուղաներկի, ակրիլի, սոսնձի, գունանյութերի և հայկական եկեղեցական մոմի բազմաշերտ համադրությամբ։
Աշխատանքները ստեղծվել են Շարժայի արվեստի հիմնադրամի և Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի աջակցությամբ: Կներկայացվեն Կարեն Օհանյանի վերջին շրջանի աշխատանքները: «Նուրբ բան» ցուցահանդեսի համադրողն է Թամար Հովսեփյանը։