Մարտունու մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարերի ուսուցման միջոցառում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ազգային պարի ուսուցման մեծ միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Ներքին Գետաշենում գործող «Կոթ» ազգային պարի խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման հյուրերն են եղել «Կայթ» մշակութային հանգույցի ներկայացուցիչները։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունի համայնքի վեց գյուղական բնակավայրերի երեխաներ և երիտասարդներ։
Ծրագիրը մեկնարկել է ներածական հատվածով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային մշակույթի, հայկական պարի և ազգային ինքնության պահպանման կարևորությանը։ Այնուհետ երեխաների ակտիվ մասնակցությամբ տեղում հորինվել են երգեր, ներկայացվել ստեղծագործական փոքրիկ կատարումներ։
Միջոցառման երկրորդ մասը շարունակվել է մշակույթի կենտրոնի բացօթյա հրապարակում, որտեղ անցկացվել է հայկական ազգային պարերի ուսուցում։ Մասնակիցները սովորել են հայկական ազգային պարեր։
«Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային արժեքների պահպանման, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդների համախմբման գործում։ միջոցառումն անցավ բավականին հագեցած օրակարգով»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից