Հայաստան

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

4 րոպեի ընթերցում

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Քննարկման սկզբում կառավարիչը տեղեկացրել է, որ օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային լսում։ Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։   Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ թեև բաշխման ցանցում պլանային աշխատանքների իրականացման միջին տևողությունը կրճատվել է, սակայն իրականացվող աշխատանքների արդյունավետության և վերահսկողության տեսանկյունից դեռևս կան խնդիրներ։

Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։  

Վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։

Քննարկվել է նոր բաժանորդների՝ բաշխման ցանցին միանալու հայտերի ահռելի քանակը, ինչը մեծապես պայմանավորված է նաև ապրիլի վերջերին նոր բաժանորդ դառնալու սակագների էական նվազեցմամբ (մինչև 40%)։ Վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 2500 նոր բաժանորդ է միացել բաշխման ցանցին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35%-ով։

Նոր բաժանորդների ցանցին միացման աշխատանքներն այս պահին իրականացվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ կապալառու ընկերությունների միջոցով, ընկերության սեփական կարողություններով, ինչպես նաև նոր կնքված կապալի պայմանագրերով։

Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձել է օրերս Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հետևողական է լինելու ՀՀ բոլոր համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ կանխելու ընկերության սեփականության հանդիսացող էլեկտրամալուխների վնասումը և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վթարները։

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

««Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլն այսօրվանից փոխակերպում ենք կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում