Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը
4 րոպեի ընթերցում

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը, որն անցկացվելու է սեպտեմբերի 4-6-ը, կներկայանա նորություններով. փառատոնի գլխավոր թեման լեզուն է՝ որպես մարդկային քաղաքակրթության հիշողությունը և մշակութային շարունակականությունը փոխանցող երևույթ։ Հենց այդ թեմայից ելնելով այս տարի փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը՝ աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի գլխավոր գրական իրադարձություններից մեկի՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագրի առանցքում կլինեն բազմալեզու գրականության, դրանց թարգմանությունների, անհետացող լեզուների պահպանության, մայրենիի, ինչպես նաև ժամանակակից թվային աշխարհում լեզվի վերափոխման շուրջ քննարկումներ, ընթերցումներ և մշակութային երկխոսություններ։
Հատուկ ուշադրություն կդարձվի նաև հայերենի՝ որպես հարյուրամյակների գրական ավանդույթ ունեցող լեզվի ներկա և ապագա հարցերին։
Թեմայի ուղղությունը խորհրդանշում է այն գաղափարը, որ լեզուները ստեղծում են ոչ թե սահմաններ, այլ կամուրջներ։
Փառատոնը տևում է 3 օր, ունենում է շուրջ 40 հազար այցելու, վաճառվում է ավելի քան 18 հազար գիրք, մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, 250-ից ավելի գրողներ և գրական ոլորտի մասնագետներ, միջազգային հյուրեր ավելի քան 15 երկրից, գրական մրցույթներին դիմում են 500-ից ավելի ստեղծագործողներ, փառատոնն իրականացնում է 4 հայ գրողի թարգմանության միջազգային հրատարակչական ծրագիր։
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են՝ Հայաստանի ամենամեծ գրքի ցուցահանդես-տոնավաճառը (պարտադիր զեղչերով), միջոցառումները՝ շնորհանդեսներ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ, ստենդափ, երաժշտություն, ֆելոուշիփը՝ նոր համագործակցությունների, գաղափարների և գրական կապերի ստեղծման և հայկական գրականության արտահանման նպատակով անցկացվող հրատարակչական համագործակցության միջազգային ծրագիրը։
«Փառատոնի կարևոր բաղկացուցիչներն են նաև մրցույթները՝ Գրական մրցույթը ՀՀ քաղաքացիների համար 4 անվանակարգում՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան», Սարոյանի անվան պատմվածքի մրցույթն աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար և Արևմտահայերեն պոեզիայի մրցույթն աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների համար»,- ասվում է փառատոնի հաղորդագրության մեջ և շեշտվում, որ մրցույթների հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 10-ը։
2025 թվականից փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից և այցելելով Հայաստանի մարզեր։ Այն արդեն հյուրընկալվել է Գյումրիում և Կապանում՝ ստեղծելով նոր մշակութային շունչ և հանդիպման հարթակ տեղի համայնքների համար։
Իններորդ փառատոնը տեղի կունենա Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: Հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կազմակերպիչներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։