Մերձավոր Արևելք

Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը հայտարարել են, որ պատերազմից հետո Գազայի հատվածը պետք է վերահսկի Պաղեստինի ինքնավարությունը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը հայտարարել են, որ պատերազմից հետո Գազայի հատվածը պետք է վերահսկի Պաղեստինի ինքնավարությունը

Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներ Էմանուել Մակրոնը և Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ինչպես նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Կահիրեում անցկացրել են եռակողմ գագաթնաժողով Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Հորդանանի, Եգիպտոսի և Ֆրանսիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել «անհապաղ վերականգնել Գազայի հատվածում հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակման և բոլորի անվտանգության երաշխիքը»՝ ընդգծելով նաև հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի, Եգիպտոսի և Հորդանանի առաջնորդները հայտարարել են, որ Պաղեստինի ինքնավարությունը պետք է ստանձնի Գազայի հետպատերազմյան կառավարումը: 

«Գազայի, ինչպես նաև պաղեստինյան բոլոր տարածքների կառավարումը, օրենքն ու կարգուկանոնը, ինչպես նաև անվտանգությունը միջազգային աջակցությամբ պետք է լինեն Պաղեստինի ինքնավարության պատասխանատվության ներքո», - ասվում է երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: 

Նրանք նաև մտահոգություն են հայտնել «Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ»:

Հայտարարության մեջ առաջնորդները մերժել են իրենց հողից պաղեստինցիների տեղահանման և պաղեստինյան տարածքների բռնակցման ցանկացած փորձ: Նրանք նաև կոչ են արել միջազգային աջակցություն ցուցաբերել Գազայի վերականգնման ծրագրին, որն ընդունվել է մարտի 4-ին Կահիրեում կայացած Արաբական գագաթնաժողովում և հաստատվել մարտի 7-ին Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից:

Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ եռակողմ գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի առաջնորդներն ապրիլի 7-ին համատեղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրատապ հրադադար ապահովելու ուղիները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 6-ի երեկոյան մեկնարկել է պաշտոնական այցը Եգիպտոս, որի նպատակն է քննարկել Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում