Հայ-չինական բարեկամության ամրապնդումը սկսվում է դպրոցից
7 րոպեի ընթերցում

Հայ-չինական բարեկամության դպրոցը կրթության և մշակույթի ինքնատիպ կամուրջ է դարձել իրարից հազարավոր կիլոմետրերով բաժանված երկու պետությունների միջև: Հիմնադրմանը հաջորդած 7 տարիների ընթացքում այս կրթօջախի աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է. հարյուրավոր հայ դպրոցականներ ամեն օր համակարգված ուսանում են հեռավոր բարեկամ Չինաստանի լեզուն և հաղորդակցվում են այդ երկրի յուրօրինակ ու խորհրդավոր մշակույթին:
Հայ-չինական բարեկամության դպրոցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեր երկրում Չինաստանի այն ժամանակվա դեսպան Թիեն Էրլունի, ՀՀ այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Համատեղ այս բացառիկ նախագծի իրականացման համար (ներառյալ դպրոցի կառուցումն ու կահավորումը), ըստ պաշտոնական տվյալների, հատկացվել է ավելի քան 12 մլն դոլար: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող դպրոցը զբաղեցնում է 14 հազար քառակուսի մետր տարածք: Այն ունի տարբեր լաբորատորիաներ, լեզվի ուսուցանման հատուկ դասասենյակներ, գրադարան, համակարգչային լսարաններ, պարասրահ, մարզադահլիճ և, նույնիսկ, մշակութային կենտրոն ու Չինաստանին նվիրված թանգարան:
Ստեղծման պահին, ինչպես «Արմենպրես»-ին պատմեց դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանը, ուսումնական այս հաստատությունն ուներ 5-12-րդ դասարանների 408 աշակերտ, որոնցից 76-ը տեղափոխվել էին այստեղ նախկինում գործած թիվ 103 ավագ դպրոցից, իսկ 332-ը միացել էին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությանը:
«Ի սկզբանե դասարանները համալրված էին 16-ական աշակերտներով, սակայն հետագայում հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ԿԳՄՍ նախարարի թույլտվությամբ կարողացանք նրանց թիվը հասցնել 18-ի: Հիմա դպրոցում գործում է 39 դասարան, որոնցում ուսանում է 700 աշակերտ»,- ներկայացրեց տնօրենը:
Ըստ մեր զրուցակցի՝ դպրոցի նկատմամբ հանրային հետաքրքրվածության շարունակական աճի արդյունքում տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, հետևաբար, նաև դասարանների քանակը: Սպարտակ Վարդանյանը համոզված է, որ ավելի մեծ տարածքի և դասարանները համալրելու հնարավորությունների առկայության պարագայում հնարավոր է կրկնապատկել աշակերտների թիվը:
Նա հպարտությամբ նշեց, որ այս դպրոցը բացառիկ է Հարավային Կովկասում այն առումով, որ այստեղ ուսուցանվող թիվ մեկ օտար լեզուն չինարենն է: «Դա խիստ արդիական է՝ հաշվի առնելով Չինաստանի, նրա լեզվի, մշակույթի, տնտեսության և մյուս ոլորտների նկատմամբ հարաճուն հետաքրքրությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև հայ-չինական հարաբերությունների զարգացումն ու խորացումը»,- ընդգծեց Սպարտակ Վարդանյանը:
9-րդ դասարաններում չինարենը դասավանդվում է շաբաթական 3 ժամ, իսկ ավագ դասարաններում՝ 4 ժամ ծանրաբեռնվածությամբ: 12-րդ դասարանի այն աշակերտները, որոնք մտադիր են հետագայում ուսումը շարունակել Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ չինարենի դասավանդմամբ հայկական բուհերում, երկրորդ կիսամյակից հնարավորություն ունեն շաբաթական մինչև 8-10 դասաժամ հղկել և խորացնել իրենց լեզվական գիտելիքները:
Դպրոցում չինարեն դասավանդում է 6 ուսուցիչ՝ 4 հայ և 2 չինացի: Սպարտակ Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը, դրսևորելով բարի կամք, յուրաքանչյուր տարի հայրենիքից կամավորության սկզբունքով հրավիրում է երկուական ուսուցիչների, որոնք դասավանդում են երևանյան դպրոցում: Նրանց վարձատրությունն իրականացնում է չինական կողմը:
Այստեղ ընդհանուր առմամբ աշխատում է 63 ուսուցիչ (բոլոր առարկաների գծով), որոնց գերակշիռ մեծամասնությունն անցել է կամավոր ատեստավորում: Մնացած բոլոր առարկաների դասավանդումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած ծրագրերին և նորմատիվ ակտերին համապատասխան: Ի դեպ, դպրոցում չինարենից բացի դասավանդվում են նաև անգլերեն և ռուսերեն:
Իսկ ֆիզկուլտուրայի բարվոք և կահավորված դահլիճը թույլ է տալիս դասերը դարձնել ավելի աշխույժ և նպատակային: Ավելին՝ աշակերտական խորհուրդը գրեթե ամեն տարի բասկետբոլի և վոլեյբոլի ներդպրոցական առաջնություններ է կազմակերպում միջին և ավագ դասարանների սովորողների մասնակցությամբ: Այս տարի ծնողների աջակցությամբ կազմակերպվել է անգամ ըմբշամարտի մրցաշար: Ուսուցիչներին հնարավորություն է տրվել մրցելու սեղանի թենիսում:
Սպարտակ Վարդանյանը հավաստիացրեց, որ հայ երեխաները բավականին հեշտ են յուրացնում չինարենը:
«Նրանք սպունգի պես կլանում են այս բարդ լեզվի 4 տոնայնությունների հնչյունաբանությունը: Ամեն ինչ շատ սահուն և լավ է ստացվում: Այն աստիճան, որ ամեն տարի մեր դպրոցի շուրջ 10 շրջանավարտ ցանկություն է հայտնում ուսանելու Չինաստանի տարբեր բուհերում: Նրանք անմիջական նամակագրությամբ կապ են հաստատում նախընտրած բուհի հետ, ծանոթանում են առաջարկվող պայմաններին, իրենց պայմաններն են առաջարկում, ստանում են առաջարկներ և, գալով ընդհանուր հայտարարի, մեկնում են ուսանելու: Մեր աշակերտուհիներից երկուսը հայտնել են, որ ուսումն ավարտելուց հետո ցանկանում են հարազատ դպրոցում աշխատել որպես չինարեն լեզվի ուսուցիչ»,- պատմեց տնօրենը:
Չինաստանի դեսպանատունը մշտապես ուշադիր է դպրոցի նկատմամբ: Դեսպանատան աշխատակիցները հաճախակի են այցելում, արձագանքում են ցանկացած խնդրանքի և խնդրի, հանդես են գալիս սեփական առաջարկություններով, լսում պատասխան կարծիքներ: Ի դեպ, նորակառույց շենքի սպասարկումն ապահովելու համար դեսպանատունը նույնիսկ երկու ինժեներների էր հրավիրել Չինաստանից, որոնք 2018-20 թվականներին իրենց անմիջական գործառույթներին զուգահեռ նաև հայ մասնագետներին փոխանցեցին սպասարկման ընթացակարգերի վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները: Այժմ դպրոցի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Ապրիլի 9-ին նախատեսված միջոցառմանը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացնելու են չինական պոեզիայի «ոսկե» ժամանակաշրջանի՝ VII դարի ստեղծագործություններ: Հրավիրված հանդիսատեսների թվում են լինելու Չինաստանի դեսպանատան և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Ընդհանրապես, տարբեր միջոցառումները Հայ-չինական բարեկամության դպրոցում արդեն դարձել են բարի ավանդույթ՝ վերածվելով դպրոցական կյանքի անբաժանելի մասի: Ինչպես նշեց տնօրենը, նորարարություններն ու համարձակ նախաձեռնություններն այստեղ միայն ողջունվում են: