Հայաստան

Առաջարկվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը

2 րոպեի ընթերցում

Առաջարկվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը

Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և հարակից օրենսդրական փաթեթը, որի նպատակն է արդիականացնել աղետների կանխարգելման, արձագանքման ու վերականգնման ոլորտի իրավական կարգավորումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ ներկայումս գործող «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 1998 թվականին և այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Նա ընդգծեց, որ աղետների ռիսկի կառավարման համակարգում նկատվում են ինստիտուցիոնալ և գործառութային բացեր, մասնավորապես՝ բնակչության իրազեկվածության, ենթակառուցվածքների դիմակայունության և թվայնացված համակարգերի գործարկման ուղղությամբ։

Նոր օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել արտակարգ իրավիճակների հստակ մակարդակներ և դրանց համարժեք կառավարման մեխանիզմներ՝ հանրապետականից մինչև օբյեկտային մակարդակ, կիրառել միասնական թվային համակարգ՝ ռիսկերի գնահատման, կանխատեսման և արձագանքման պլանների ձևավորման ու պահպանման նպատակով, ներդնել պարտադիր ապահովագրություն՝ արտակարգ իրավիճակների հետևանքով մահվան կամ գույքային վնասների պարագայում, ձևավորել կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Փաստաթուղթը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում՝ հաշվի առնելով նաև 2024 թվականի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում արձանագրված աղետալի դեպքերը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում