Դիտորդական կազմակերպությունները խախտումներ են հայտնաբերել Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում
5 րոպեի ընթերցում

Գյումրիում մարտի 15-ին մեկնարկած ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը շարունակվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու ավագանու համար պայքարող 9 քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն մինչև մարտի 28-ը ներառյալ. քարոզչությունն ավարտվում է մարտի 28-ին՝ ժամը 24։00-ին: Մարտի 29-ին և 30-ին (ընտրությունների օրը) նախընտրական քարոզչությունն արգելվում է:
Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Եվ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից արդեն հաղորդումներ կան խախտումների մասին։
««Անկախ դիտորդը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի կողմից (նրա անունից) ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մասնավորապես, արձանագրել են, որ Մարտուն Գրիգորյանը (կամ նրա անունից) Գյումրու ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ, ինչով առերևույթ կատարվել է ՔՕ 221-րդ հոդվածով արգելված արարք: Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում թեկնածուների կողմից (կամ նրանց անունից) ընտրողներին գույք (կամ ծառայություններ) նվիրելու համար, ինչպես նաև քարոզարշավի ու բարեգործության մեկտեղման համար: Այս արարքը 2018 թվականին քրեականացվել է մեր նախաձեռնությամբ, քանի որ, այն, ըստ էության, ընտրակաշառքի քողարկված տեսակ է»,- ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը:
Մեկ այլ ուժի հետ կապված էլ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի մեջ ասվում է. «2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին։ Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։ Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են։ Դրանք խաթարում են Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ինքնիշխան և իրավական պետության սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պարտավոր է խստորեն հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին, որով ուղղակիորեն արգելվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 23-ի 1-ին մաս, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Հոդված 40․8-ի 1-ին մաս)։ Գտնում ենք, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության ու ներգործության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատական և արձագանք ստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից։ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր՝ բացառելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները»։
Ավելի վաղ «Ականատես» դիտորդական առաքելությունը իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Գյումրու ամենաբանուկ ու անբարեկարգ փողոցներից մեկի շինարարության մասին խոսելը վարչական ռեսուրսի չարաշահում է համարել:
Արմենուհի Մխոյան