Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ հարևան երկրում Անկարայի հասցեին աճող քննադատությունների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։
«Մենք պարբերաբար հանդիպում և կարծիքներ ենք փոխանակում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ մեր նախարարությունում։ Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարցեր։ Անդրադարձանք նաև Իրանի որոշ պաշտոնյաների կողմից Թուրքիայի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։Վերջերս մենք ականատես եղանք, որ իրանցի պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են հրապարակայնորեն արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին: Մենք իրանական կողմին ենք փոխանցել այս հարցի վերաբերյալ մեր պատրաստած դոսյեն»,- ասել է Քեչելին։
Նրա խոսքով՝ Անկարան կարծում է, որ արտաքին քաղաքականության հարցերը չպետք է օգտագործվեն ներքին քաղաքականության համար։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մեզ համար կարեւոր է Թուրքիայի և Իրանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը»,- ասել է թուրքական գերատեսչության ներկայացուցիչը։