Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների աննախադեպ փուլում է․ Վասիլիս Մարագոս
8 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորված և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված EU4IMPACT ծրագրի փակման հանդիսավոր միջոցառումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը։ Ծրագրի համապատասխան փուլերն հաջողությամբ ավարտած շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն էին ստացել։
Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին։ Դրանից օգտվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շահառուները, ովքեր վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս։ Ծրագրի շրջանակում շահառուների համար դրամաշնորհի չափը կազմել է 2000-ից 10000 եվրո։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում նշեց, որ ծրագիրը լի էր նորարարական գաղափարներով՝ շահառուներին ընձեռելով լայն հնարավորություններ։
«Հատկապես տպավորված ենք ոչ միայն այն աշխատանքներով, որոնք ներկայացվել են այսօր, այլև բոլոր այն ծրագրերով, որ իրականացրել ենք նախորդ տարիներին՝ տալով շոշափելի արդյունք։ Ծրագրի շնորհիվ ձևավորվել են 117 փոքր ձեռնարկություններ՝ ընդգրկվելով արտադրական պրոցեսում և մատուցելով ծառայություններ տարաբնույթ ոլորտներում։ Այս ամենը կոնկրետ նպաստ է բերում Հայաստանի տնտեսության զարգացմանը, սոցիալական պաշտպանվածությանը, ներառականությանը և սկզբունքորեն համատեղում է առաջընթացն ու միգրացիոն գործընթացների կառավարումը, ինչը նոր երթուղի է բացում ՀՀ-ի ապագայի համար»,- ասաց Մարագոսը։
Նա հավելեց, որ անհրաժեշտ է միաժամանակ դիտարկել ու տեսնել ծրագրի բոլոր բաղադրիչները, ձեռնարկատիրական ջիղն ու ոգին։ Հենց ձեռնարկատերերն են, որ ստեղծում են մնայուն հարստություն, հավելյալ արժեք։ Նրանց աշխատանքը հիմնված է կոնկրետ հմտությունների վրա։
«Մենք կշարունակենք համատեղ աշխատել ՀՀ կառավարության գործընկերների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ։ ԵՄ-ն մինչ օրս զգալի գումարներ է ներդրել Հայաստանի զարգացման ու դիմակայունության բարձրացման գործում։ Փորձի փոխանակությունը դարձել է անգնահատելի գործոն։ Ծրագրի հնարավորություններն ավելի կարևոր են, քան կոնկրետ գործողությունները, որոնք նախաձեռնվել և իրականացվել են նախորդ տարիներին։ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների այնպիսի փուլում է, որն էստ էության կարելի է անվանել աննախադեպ։ ԵՄ-ն աջակցել է ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը, ավելի քան 600 միլիոն եվրո գումար է ներդրվել մինչ օրս Հայաստանի ենթակառուցվածքները զարգացնելու համար։ Այն ինչ անում ենք, ՀՀ-ին ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ ծրագրի բովանդակությունն ամբողջովին արտահայտում է այն նպատակները, որոնք հայկական կողմն ի սկզբանե դրել էր ծրագրի մեկնարկի ժամանակ։ Ըստ նրա՝ այդ նպատակներից կարևորագույնը թերևս միգրացիան որպես նեգատիվ ֆենոմեն չդիտարկելն է։
«Այդուհանդերձ չենք կարող փակ աչքերով վերաբերվել իրականությանը և ասել, որ միգրացիան միմիայն լավ արդյունքների է բերում մեր կյանքում։ Ինչպես բազմաթիվ երևույթները, միգրացիան նույնպես ունի դրական և բացասական կողմեր։ Բայցևայնպես սա մի փորձ էր՝ դրական հայացքով նայելու միգրացիային, օգտագործելու այն ներուժը, որը ձևավորվում է միգրացիոն գործընթացների արդյունքում։ Դիտարկել ենք մի քանի երկրների փորձը, թե ինչպես են նմանատիպ ծրագրերն աշխատել ու կյանքի կոչվել։ Մերն օբյեկտիվորեն ամենալավն է, որովհետև պայմաններն ավելի լայն հնարավորություններ են ընձեռել շահառուներին»,- ասաց Ղազարյանը։
Նա շնորհակալություն հայտնեց եվրոպական դոնոր կազմակերպություններին և ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց հանապազօրյա աշխատանքով բարիք են ստեղծում երկրի համար՝ նպաստելով նրա տնտեսության զարգացմանն ու ամրապնդելով նրա դիմադրողականությունը։ Ղազարյանը հույս հայտնեց, որ հետագայում եռակողմ համագործակցությունը ՀՀ կառավարության, միգրանտների և աջակցող գործընկերների միջև կշարունակվի։ Նա հավաստիացրեց, որ միգրացիան լոկ թվեր չեն, այլ մարդկային կյանքեր, ուստի նման ծրագրերի շնորհիվ ընձեռվում են բացառիկ հնարավորություններ։
ՄՔՄՄԿ տարածաշրջանային պորտֆելի ղեկավար Վիոլետա Վագներն ասաց, որ տվյալ ծրագիրն իսկապես միգրանտներին ու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին հնարավորություն է տվել շարունակել իրենց գործարար կյանքը՝ ստեղծելով աշխատատեղեր իրենց և շրջապատող մարդկանց համար։
«Համատեղ մշակված այս ծրագրի միջոցով հնարավոր դարձավ հասնել բոլոր նախանշված նպատակներին։ Խոսքը միայն դրա մասին չէ։ Ծրագիրն իսկապես ցույց տվեց, թե ինչ ներուժ ունի Հայաստանը միգրացիայի կառավարման տեսանկյունից և ինչպես կարող է օգտագործել այդ ներուժը՝ տնտեսական զարգացում ապահովելու համար։ Դա արվել է ռազմավարական, գործընկերային հարաբերությունների ներքո, արվել է ամենօրյա ջանադիր աշխատանքի շնորհիվ։ Ծրագիրն ի սկզբանե միգրանտներից ստացավ 500 հայտ և մենք ընտրեցինք լավագույն 300 անձանց, ովքեր վերապատրաստվել են ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի օգնությամբ։ Բոլորն էլ մշակել ու ներկայացրել են իրենց հետաքրքիր բիզնես պլանները։ Նրանցից 15-ը Լեռնային Ղարաբաղից են։ Մենք ստեղծել ենք նաև հայկական սփյուռքի համար համապատասխան հարթակ, ինչը ևս մեկ ճանապարհ է Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար՝ օգտագործելով միգրացիոն ներուժը»,- ասաց Վագները։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքականության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում նշեց, որ տարիներն անցան շատ արագ, սակայն ծրագրի ավարտուն պատկերն իսկապես տպավորիչ է։
«Մենք շատ ենք խոսում միգրացիայի մասին, քննարկում այն հարցը, թե դա ավելի շատ ընտրություն է, թե իրավունք կամ իրավունքի իրացման հնարավորություն։ Սա այնպիսի ծրագիր էր, որը եկավ աջակցելու ընտրության բաղադրիչին՝ կանգնելով զարգացման կողքին։ Իրականում սոցիալական աջակցության մեխանիզմը, որը գործարկվել է վերջին տարիներին, Հայաստանում դարձել է բավականին ակտուալ։ Շատերը հաճախ հարցնում են, թե կա՞ արդյոք մի ծրագիր, որը կարող է օգնել, ֆինանսական բեռը կիսել, աջակցել համապատասխան գիտելիքներով։ Այդ տեսակետից նման ծրագրերն իսկապես արդարացված են։ Ծրագիրն ավարտվեց, բայց աջակցությունը՝ ոչ։ Այն տվեց փորձ և գաղափարների շարունակականություն։ Արդյունքներն, այդ առումով, եզակի են»,- ասաց Դավթյանը։
Միջոցառմանը մասնակցեցին EU4IMPACT ծրագրի շահառու դարձած փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները` հանգամանորեն անդրադառնալով ծրագրի արդյունքներին։