Podcast-Հարց բժշկին. արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից մեկը բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելը արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից է: 

Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց Էրեբունի  բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ ցանկացած բժիշկ ի սկզբանե պետք է կառուցի  առողջ փոխհարաբերություններ, որը հիմք կդառնա հետագայում վստահության ձևավորման համար, ինչն էլ իր հերթին կբերի բուժման արդյունավետության բարձրացման: 

«Այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մի մեծ խնդիր ունենք, վերացել է չափ հասկացողությունը, և երկու կողմից էլ՝ թե՛ բժիշկները, թե՛ հաճախորդները անցնում են չափերը՝ առանց գիտակցելու, որ գտնվում են հիվանդանոցում: Այսօր բուժառուները մեզանից պահանջում են, որպեսզի արագ սպասարկվեն ու դուրս գան հիվանդանոցից: Ես միշտ իմ բուժառուներին բացատրում եմ, որ գտնվում են հիվանդանոցում, որտեղ բոլորը  հիվանդներ են, և միշտ չէ, որ բուժառուի համար սահմանված 15 րոպե ժամանակը բավականացնում է, քանի որ շատ հնարավոր է որևէ այլ խնդիր առաջանա»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով բժշկի հանդեպ վստահության ձևավորմանը՝ Ղուկասյանը նշեց, որ այն ձևավորվում է ժամանակի ընթացքում և բժշկի կատարած գործի արդյունքում:

Խոսելով առանց լուրջ պատճառի կեսարյան հատումների իրականացումը կանխելու նպատակով վերջին շրջանում իրականցվող արշավների արդյունքներից՝ մասնագետը նշեց, որ այդ աշխատանքները, իհարկե, տվել են իրենց դրական արդյունքները:

«Դրա մասին մենք շատ խոսում ենք, մեծ գիտական աշխատանքներ ենք իրականացնում, մեծ զեկույցներ ենք ունենում և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում,  և կարող եմ ասել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումների մասով  7 տոկոս նվազում է գրանցվել: Այժմ նաև խրախուսվում է կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը: Առողջապահության նախարարությունն արդեն իսկ հաստատել է և նույնիսկ խրախուսում է այն բժշկին, ով կվարի և կխրախուսի բնական ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո»,-ասաց մասնագետը:

Մանկաբարձ-գինեկոլոգն ընդգծեց՝ իրենց կլինիկայի տվյալներով, որը առաջատար և մեծ ծննդատունն է համարվում, նախորդ տարվա համեմատ գրանցվել է շատ փոքր տոկոսով ծնունդների թվի նվազում: 

«Բայց մեր երկրի մակարդակով կարող եմ ասել, որ կա ծնունդների թվի նվազում, քանի որ այս տարի ծնունդների թվերը չեն գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց Ղուկասյանը: 

Բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների, բնական ճանապարհով ծննդաբերելուց խուսափելու պատճառների, մանկաբարձական և գինեկոլոգիական  մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը: 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն