Քաղաքականություն

ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության մշակվող նոր օրակարգի լայն շրջանակին

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության մշակվող նոր օրակարգի լայն շրջանակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկիում նոյեմբերի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին  հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով  համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։  

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային, այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, գործընկերության մշակվող նոր օրակարգի լայն շրջանակին և հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարևոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։  

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում։

Նշվում է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում