Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Կուբայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները․ փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Կուբայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները․ փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացումը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ համագործակցությունն առավել ակտիվացնելու համար առկա են բոլոր նախադրյալները:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը: Նա տեղեկացրել է՝ Կուբայի հետ մշակույթի և արվեստի, ինչպես նաև սպորտի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են: 

Ըստ աղբյուրի՝ դեսպան Օսկար Սանտանա Լեոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: 

«Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կուբայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմամբ:

Կարևորելով մշակութային երկխոսության զարգացումը՝ կողմերը խրախուսել են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, որ Հայաստանն այսօր քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար: Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց կուբացի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է: Քննարկվել է նաև համատեղ ուսումնամարզական հավաքների և մարզումների կազմակերպման հնարավորությունը տարբեր մարզաձևերում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում