Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Հանրապետական ​​կուսակցության նախագահի ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Վեհափառ Հայրապետին՝ իր իմաստուն ղեկավարության համար, ինչպես նաև լիակատար ամբողջական զորակցությունն է հայտնել Արցախի խնդրին և տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատմանը։ 

Նա նաև ջերմորեն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին՝ որպես կազմակերպված, աշխույժ և ուժեղ համայնքի։

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել  Թրամփին՝ օրեր առաջ արցախահայության իրավունքների վերաբերյալ իր հրապարակային հայտարարության համար՝ միաժամանակ ընդգծելով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային դերի կարևորությունը, հատկապես՝ այս անհանգիստ ժամանակներում։ «Ապա, Նորին Սրբությունը նախագահի թեկնածուին հստակորեն ներկայացրել է իր երկու ակնկալիքները. 

ա) Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգների կազմվելիք նոր կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի արցախահայությանը՝ իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին, միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար։

բ) Անհրաժեշտ է, որ կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող հարմար անձ։

Վերջում Վեհափառ Հայրապետն առաջարկել է, որ նշված հարցերի շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել Արևելյան և Արևմտյան ազգային առաջնորդարանների, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ դատի ​​գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Կաթողիկոսարանից նշել են նաև, որ Արևելյան Հայոց թեմ Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական ​​այցի վերջին օրը, հեռուստատեսությամբ տեղեկանալով, որ նա գտնվում է Դետրոյտում, Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից երկու բարձրաստիճան պատասխանատուներ հանդիպել են Վեհափառին  և փոխանցել  նախագահի թեկնածուի ողջույններն ու կապ հաստատելու պատրաստակամությունը:

Հայերեն العربية Русский

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մշակութային հաստատություններում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ, կցուցադրվեն ներկայացումներ

Ծխում են արգելված վայրո՞ւմ, իրազեկեք այդ մասին նոր հավելվածի միջոցով

Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

Ուկրաինան ցանկանում է նախապես ծանոթանալ խաղաղության շուրջ ՌԴ-ի առաջարկներին. Սիբիհա

Թուրքիան պատրաստ է ընդունել Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը. BBC

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքը