Իրան

Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները

2 րոպեի ընթերցում

Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադար հաստատելու ուղիները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Հոկտեմբերի 13-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցում Փեզեշքիանը և Մակրոնը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադարձությունների, այդ թվում՝ Լիբանանի հարավում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ իսրայելական ուժերը ցամաքային գործողություն են սկսել և շարունակում են ինտենսիվ ավիահարվածները։

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը, և ողջունում է հրադադարը, որպեսզի վերջ դրվի շարունակվող մարտական գործողություններին:

Նա ասել է, որ Իրանը նույնիսկ զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին:

Փեզեշքիանն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկություն, որը կվերականգնի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, և իր ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել շարունակել ջանքերը եվրոպական այլ երկրների հետ միասին՝ ստիպելու Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում