«ԴասԱրվեստ» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի Վայոց ձորի մարզից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Վայոց ձորի մարզից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  

Այդ օրը ծրագիրը կհյուրընկալվի Ելփին և Արենի գյուղերի միջնակարգ դպրոցներում, սեպտեմբերի 11-ին՝ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի միջնակարգ, սեպտեմբերի 12-ին՝ Գորիսի Ս. Խանզադյանի անվան N 6 հիմնական, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցներում:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը:

Ծրագրի առաջին փուլն անցկացվել է մայիսի 2-17-ը: Մասնակցել են  Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Ջանֆիդա գյուղի, Արարատի մարզի Դվին, Գետազան համայնքների, Կոտայքի մարզի Նուռնուս և Բջնի, Տավուշի մարզի Հաղարծին և Աչաջուր, Լոռու մարզից Գյուլագարակ, Ամրակից, Արդվի, Օձուն գյուղերի և Արագածոտնի մարզից Ապարան քաղաքի և Ծիլքար գյուղի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները:

Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզային դպրոցների աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և վերջինիս գործունեությանը: Ներկայացվում է պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, «թանգարանային առարկա» հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներում պահվող բարձրարժեք թանգարանային առարկաների ցուցադրությունը:

Ծրագրում ընդգրկված են 3-13-րդ դարերի հայկական մոնումենտալ արվեստի օրինակներ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների` Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի, Հենրիկ Սիրավյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի հայտնի ստեղծագործությունները: Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Գույների աշխարհում», «Մոնումենտալ արվեստ», «Ազգային էպոս», «Իմ Կոմիտասը», «Բեմանկարչության արվեստը» և «Գեղանկար տարածության մեջ»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվում են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվում կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք վարում են պատկերասրահի լավագույն մասնագետները:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտներին ներկայացվում են հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետները, կերպարվեստի տեսակներն ու ժանրերը, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաները, նյութը, թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտությունները:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստանում են պատկերասրահի գլուխգործոցները ներկայացնող փոքրիկ հուշանվերներ:

Ծրագիրը միտված է նաև թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում