Եվրոպա

Շվեյցարիան զորավարժություններ կանցկացնի Ֆրանսիայի հետ

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիան զորավարժություններ կանցկացնի Ֆրանսիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, սեպտեմբերի 3-4-ը զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը։

Խոսքը երկու երկրների օդային տարածությունում չորս շվեյցարական F/A-18 կործանիչների և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի չորս Rafale կործանիչների համատեղ թռիչքների մասին է։

«Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն սեպտեմբերի 3-ին և 4-ին», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Պլանավորված են «մի քանի ուսումնական մոդուլներ երկու երկրների օդային տարածությունում»։ Ֆրանսիական կործանիչները, որոնք սովորաբար տեղաբաշխված են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Լանդիվիզիո» ռազմածովային ավիաբազայում, մեկ գիշեր կգտնվեն շվեյցարական «Պայեռն» ավիաբազայում, որտեղ կանցկացվեն համատեղ վարժանքներ: 

Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև համատեղ զորավարժություններն անցկացվում են 2018 թվականին ստորագրված երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Վարժանքներն «ուսուցման և պատրաստման բնագավառում երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև երկարաժամկետ համագործակցության մի մասն են և նպատակ ունեն ամրապնդել պաշտպանունակությունը միջազգային համագործակցության միջոցով», հայտարարել են Բեռնում:

Շվեյցարիան հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղեգիծը, ներառյալ զորավարժություններին մասնակցությունը և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործումը, որը կառավարության կողմից 2024 թ. հունվարի 31-ին ընդունվել է արտաքին քաղաքական ռազմավարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում