Աշխարհ

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

Ֆրանսիան դադարեցրել է աշակերտական բողոքի ակցիաները վերահսկելու համար լուսաձայնային նռնակների կիրառումն այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին 15-ամյա դեռահասը նման նռնակի պայթյունի հետևանքով զրկվել է ձեռքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ պահանջել է ժամանակավորապես դադարեցնել լուսաձայնային նռնակների կիրառումը, մինչև պարզաբանվեն հոկտեմբերի 5-ին Լանս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Միջադեպի վերաբերյալ ցուցարարներն ու պաշտոնյաները հակասական տեղեկություններ են ներկայացնում։ Իշխանությունները հայտնել են, որ 15-ամյա տղան վերցրել է ոստիկանների նետած նռնակը, որն այնուհետև պայթել է նրա ձեռքում, սակայն աշակերտները պնդում են, որ նռնակն անմիջապես դիպել է նրան այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը նետել է այն։ Ըստ տեղի պաշտոնյաներից մեկի՝ իրավապահները բախվել էին 200-250 աշակերտի հետ, որոնք քարեր և հրավառ նյութեր էին նետում։

Մի շարք խմբեր դժգոհություն են հայտնել՝ պնդելով, որ ոստիկանությունը դեռահասների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում։

Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաները շարունակվում են։ Հոկտեմբերի 7-ին ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ է մնում ավելի քան 500 դպրոց։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն նախատեսում է երեկոյան ելույթ ունենալ՝ անդրադառնալով դպրոցականների բողոքի ակցիաներին։

Հոկտեմբերի 6-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ դպրոցներում պայմանների բարելավման պահանջով։ Մի շարք քաղաքներում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է 488 մարդ, իսկ անվտանգության ուժերի 43 ներկայացուցիչ վիրավորվել է։

Բողոքի շարժումն ավագ դպրոցների աշակերտներից տարածվել է նաև նրանց ծնողների, համալսարանների ուսանողների և արհմիությունների շրջանում։

Ակցիաները սկսվել են սեպտեմբերի 17-ին։ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում