Եվրոպա

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակ կլինի շուրջ 500 դպրոց

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակ կլինի շուրջ 500 դպրոց

Ֆրանսիայում աշակերտների շարունակվող բողոքի ակցիաների պատճառով հոկտեմբերի 5-ին ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ կլինի մինչև շուրջ 500 դպրոց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France24-ը, սյս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

Նրա խոսքով՝ շուրջ 400-500 ավագ դպրոցներում դասերը «ամբողջությամբ կամ մասնակիորեն կդադարեցվեն», քանի որ անվտանգության պայմանները դեռևս ապահովված չեն։ Նախարարը նշել է, որ բողոքի շարժման մեկնարկից ի վեր 24 դպրոց «հրդեհվել կամ թալանվել է»։

Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։

Ժեֆրեն հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին բողոքի ակցիաներից տուժած դպրոցների թիվը մոտավորապես նույնը կլինի, ինչ ուրբաթ օրն էր՝ հոկտեմբերի 2-ին։ Նա խոստացել է դասերի «մասնակի և աստիճանական վերսկսում»։

Աշակերտների բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցներից մեկում, սակայն նախորդ շաբաթվա ընթացքում այն վերածվել է համազգային բողոքի ակցիայի։ Որոշ վայրերում ցույցերն ուղեկցվել են դեռահասների և իրավապահների միջև բախումներով, որոնց ընթացքում ոստիկանությունը երեխաներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ։

Շարժման մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, որոնց 85 տոկոսը անչափահասներ են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում