Մշակույթ

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201:

Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:

«Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան»  միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

Գրադարանը կարևոր հարթակ է դարձել սյունեցի սկսնակ և կայացած ստեղծագործողների համար: Կազմակերպվել են գրական երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, գրքի քննարկումներ, ընթերցումներ: 

Հունիսմեկյան միջոցառումով մեկնարկել է մանկական բաժնի ամառային առօրյան: Կազմակերպվել են մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ժամ, հանելուկների հանդես, խաղ-մրցույթ, «Նկարենք միասին» և այլ միջոցառումներ: Ամռանը գրադարանի հարակից բակն ընթերցողների համար վերածվել է բացօթյա ընթերցասրահի: 

Գրադարանը համագործակցել է «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միության Հայաստան հատված» ՀԿ-ի, «Զանգեզուրյան ղողանջներ» գրական խմբակի հետ, կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:  

Ամառային շրջանն արվեստի բաժնում սկսվել է «IQ Center Kapan»-ի սաների հյուրընկալությամբ: Այն կրում էր «Թող լինի միշտ արևը» խորագիրը: Ամռանը գրադարանը հյուրընկալել է Կապանի «Փարամազ» երիտասարդական միության «Ամառային ուրախ դպրոց»-ի արցախցի երեխաներին:

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող ընթերցողները: Գրադարանավարներն այցելել են նաև «Արծվաբույն» տարեցների խնամքի կենտրոն և նախընտրած գրքերը հասցրել հասցեատերերին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում