Իրան

Փեզեշքիանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tehran Times պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը զգուշացրել է, որ Իսրայելի պատերազմը Լիբանանի դեմ մեծ սխալ կլինի և լուրջ հետևանքներ կունենա։ 

Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իսրայելը վերջին օրերին սպառնացել է «կտոր-կտոր անել» Լիբանանը՝ ի պատասխան հուլիսի 27-ին Լիբանանի տարածքից իրականացված հարձակման, որի հետևանքով Իսրայելի ֆուտբոլի դաշտերից մեկում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ։

Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում նաև ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ծանր վիճակի վրա։

«Իրանը ոչ մի ջանք չի խնայի՝ օգնելու լուծել Գազայում տիրող ճգնաժամը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն», - ասել է նա;

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Իրանի նախագահը Մակրոնին ասել է, որ պատրաստ է լավացնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն «ազնվության «փոխադարձ հարգանքի վրա»։ Փեզեշքիանը նաև պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները՝ ուղղված Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։

Իր հերթին Մակրոնն, ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, իր իրանցի գործընկերոջը կոչ է արել դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մակրոնը նաև ասել է, որ Իրանը կարող է դերակատարում ունենալ Լիբանանի և Իսրայելի միջև լարվածությունից խուսափելու գործում՝ դադարեցնելով աջակցությունը «ապակայունացնող դերակատարներին»։ 

Փեզեշքիանի և Մակրոնի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի նախագահի երդմնակալության արարողության նախօրեին։ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, որին մասնակցելու համար Թեհրան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում