Միջազգային

Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ ՀԱՄԱՍ-ի առաջարկած փոփոխություններից մի քանիսն անիրագործելի են

3 րոպեի ընթերցում

U.S. Secretary of State Antony Blinken adjusts his earpiece at a joint press conference with the Qatari prime minister in Doha, Qatar, June 12, 2024. REUTERS/Ibraheem Al Omari/Pool
U.S. Secretary of State Antony Blinken adjusts his earpiece at a joint press conference with the Qatari prime minister in Doha, Qatar, June 12, 2024. REUTERS/Ibraheem Al Omari/Pool

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման արձագանքը Իսրայելի հետ պատանդների փոխանակման առաջարկին՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի առաջարկած մի շարք փոփոխություններ իրագործելի չեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենն այս մասին հայտնել է Դոհայում Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ՀԱՄԱՍ-ը բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել քննարկվող առաջարկին։ Որոշ փոփոխություններ իրագործելի են, որոշները՝ ոչ», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում The Times of Israel պարբերականը։

Նա հավելել է, որ դա, ըստ էության, նույն գործարքն է, որն առաջարկվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից մայիսի 6-ին, և որն ընդունել էին բոլորը, այդ թվում՝ Իսրայելը։

«ՀԱՄԱՍ»-ը կարող էր պատասխանել ընդամենը մեկ բառով՝ «այո», բայց փոխարենը ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթ սպասեց, իսկ հետո առաջարկեց ավելի շատ փոփոխություններ, որոնց մի մասը հեռու է այն դիրքորոշումներից, որոնք նախկինում ընդունվել են», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների՝ Կատարի և Եգիպտոսի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել համաձայնության հասնելու ուղղությամբ։ 

«Մենք վճռական ենք՝ հարթելու տարաձայնությունները, և ես հավատացած եմ, որ այդ տարաձայնությունները հարթելի են։ Դա չի նշանակում, որ դրանք կհարթվեն», - հավելել է նա։

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին, որը սահմանում է «լիարժեք և ամբողջական հրադադարի», պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման, մահացած պատանդների աճյունների վերադարձի և Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանները։ ՀԱՄԱՍ-ը ողջունել էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը։ 

Գազայի հատվածում հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժեցին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով ավելի քան 250-ին։ Ի պատասխան ներխուժման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գերազանցել է 37 200-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում