Շառլ Ազնավուրը երևույթ է, որ սահմաններ չի ճանաչում. Սերգեյ Սմբատյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, արժևորելով Շառլ Ազնավուրի թողած երաժշտական ժառանգությունը, պարբերաբար հնչեցնում է շանսոնյեի ստեղծագործությունները տարբեր հարթակներում, իսկ օրերս թողարկել է «Ազնավուրիանա» ալբոմը, որը ներկայացնում է արտիստի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար:

Ազնավուրի 100-ամյա տարեդարձի առթիվ, որը նշվում է մայիսի 22-ին, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոստովանում է՝ իսկապես երջանիկ է, որ հանդիպել է Ազնավուրին, զրուցել նրա հետ: Մաեստրոն ներկա է եղել նվագախմբի՝ մարզահամերգային համալիրում կազմակերպված համերգին. կատարել են Ազնավուրի ստեղծագործությունները:

«Ազնավուրն արտիստ էր, որ փոխեց մեր պատկերացումները մեր տաղանդի մասին, փոխեց աշխարհընկալումը Հայաստանի, հայերի, մեր պատմության մասին»,-նշում է Սմբատյանն ու հավելում՝ իր տաղանդի շնորհիվ Ազնավուրը կարողացավ անգամ ջերմացնել ու մտերմացնել երկրները, ժողովուրդներին:

Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ «Դոյչե գրամոֆոն» ձայնագրային ընկերության միջոցով թողարկելով «Ազնավուրիանա» ալբոմը՝ Սիմֆոնիկ նվագախումբը ցանկանում է կրկին խոսել լեգենդար շանսոնյեի մասին:

Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կազմում են նրբագեղ սիմֆոնիկ մշակումների յուրօրինակ ժողովածու, որում համընդհանուր սեր վայելող նշանավոր երգերը մատուցված են նոր ոգով:

«Այստեղ Ազնավուրին ներկայացնում ենք ոչ միայն որպես երգչի, այլև կոմպոզիտորի»,-ասում է դիրիժորը, որի համոզմամբ՝ Ազնավուրը ստեղծել է երաժշտություն, որն ապրում է մեզ հետ:

Նրա խոսքով՝ եթե կարողանան այնպես անել, որ սերունդը, որ չի ունկնդրել Ազնավուրին, սիրի նրա մեղեդիները, հրաշալի կլինի: Նվագախումբը ցանկացել է նոր կյանք տալ շանսոնյեի ստեղծագործություններին՝ գործիքային մշակույթը պրոպագանդելով:

«Ազնավուրին նվիրված շատ համերգներ ունենք: Տարվա ընթացքում համերգներ են նախատեսվում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Կարծում եմ՝ նման արտիստի ժառանգությունը, ուժը, տաղանդը հնարավորություն են տալիս աշխարհին ներկայանալ այլ ձևաչափով, որովհետև Ազնավուրն ավելի մեծ է, քան այն ժանրը, որում ստեղծագործել է: Նա նաև փոխեց պատկերացումները ժանրի մասին, կարողացավ շանսոնով հատել բոլոր կարմիր գծերն ու ցույց տալ ժանրի հնարավորությունները»,-ընդգծում է դիրիժորը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ոգևորությամբ է Ազնավուր կատարում, քանի որ շանսոնյեն և՛ Հայաստանինն է, և՛ աշխարհինը: «Նա դուրս է ակադեմիական, դասական ձևաչափից: Լայն մասսաներն են ճանաչում Շառլի երաժշտությունը»,-նշում է Սմբատյանը, որը ձեռքբերում կհամարի, եթե նվագախմբի միջոցով տարբեր սերունդներ ունկնդրեն և հիանան Ազնավուրի երաժշտական աշխարհով: Ըստ նրա՝ Շառլ Ազնավուրը երևույթ է, որ սահմաներ չի ճանաչում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Գևորգ Պերկուպերկյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում

Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել եռավագոն վերանորոգված շարժակազմ

Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում